Մեր պատվիրակության կազմում 80 տոկոսը առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին․ Արսեն Նիկողոսյան

ՌԴ մայրաքաղաք Մոսկվան Համահայկական խաղերին մեծաքանակ պատվիրակությամբ սկսել է մասնակցել 2015 թվականից։ Արցախում 2019-ին անցկացված Համահայկական խաղերում Մոսկվայի պատվիրակությունը լավագույնն է ճանաչվել։

Մոսկվայի պատվիրակության պատասխանատու Արսեն Նիկողոսյանն ասում է՝ ամեն անգամ մեծ պատասխանատվությամբ են ձևավորում խումբը։ Այս անգամը բացառություն չէ։ «Չնայած Ռուսաստանում ծանր վիճակին, պատերազմի հետևանքով հարուցված խնդիրներին, ամեն ինչ արել ենք, որ պատրաստված ներկայանանք խաղերին», -ասում է Ա․ Նիկողոսյանը։

Մոսկվայի պատվիրակության կազմում մարզիկները հանդես են եկել բասկետբոլ, ֆուտզալ, աթլետիկա, վոլեյբոլ, լող, թենիս մարզաձևերում։


«Մեր պատվիրակության կազմում 80 տոկոսը առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին, ավելին ասեմ՝ մեծ մասը նույնիսկ առաջին անգամ է Հայաստանում ու շատ ոգևորված են․ խաղերից դուրս զբոսնում են, ժամանակ անցկացնում, շփվում հայրենակիցների հետ», -ասում է Նիկողոսյանը։

Խաղերից դուրս Մոսկվայի պատվիրակության անդամները արդեն հասցրել են այցելել Գառնի, Գեղարդ, Սևան և այլ տեսաարժան վայրեր։

«Շատերը, որոնք չէին եկել մինչ այդ Հայաստան, հասցրել են սիրել իրենց հայրենիքը», -նշում է Արսեն Նիկողոսյանը։
Նշենք, որ օրերս տեղի ունեցած ՀԽՀԿ ասամբլեայի նիստում Արսեն Նիկողոսյանը նշանակվել է լիազոր ներկայացուցիչ Կենտրոնական Ռուսաստանում