Միշտ մտքումս կմնա այն, ինչ ապրեցի հայրենիքում․ լիբանանահայ մասնակից

Լիբանանի պատվիրակության ներկայացուցիչ Լորի Եահնիյեանն իր համար հատկապես կարևորում է այն հիշողությունները, որոնք Համահայկական 8-րդ խաղերից իր հետ տանելու է։ Ընդգծում է, որ դրանք միայն մրցումների հետ չէ, որ կապված են։

«Ինչպես 2019 թվականին, այս տարի էլ բացումը շատ գեղեցիկ էր։ Միշտ մտքումն կմնան Գյումրին և այն, ինչ բոլորս ապրեցինք, զգացինք մեր հայրենիքում։ Այսքա՜ն սփյուռքահայ ժողովուրդ, մարզիկներ են հավաքվել։ Մենք նույն երազանքներն ունենք, և կարողացանք բոլորս միանալ այստեղ, նոր ընկերներ ձեռք բերել։ Միշտ մտքումս կմնա այս փորձառությունը։ Խաղերին մասնակցելը կարևոր է, քանի որ սփյուռքը միանում է հայրենիքում։ Սա հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու մեր հայրենիքը, որովհետև կան մարդիկ, որոնք հնարավորություն չունեն սեփական միջոցներով գալու։ Շատ լավ առիթ է, որ բոլորս միանանք, այստեղ գանք, շրջենք, մեր ժովորդի հետ ծանոթանանք, և սա մեզ հնարավորություն է տալիս տեսնելու ու հիշելու, թե որքան հայրենիք ունենք»,– ասում է նա։

 

Լորի Եահնիյեանը Համահայկական 8-րդ խաղերում մասնակցել է սեղանի թենիսի մրցաշարին։ Կանանց թիմային պայքարում ներկայացրել է Բուրջ Համուդ քաղաքը։ Իր 2 թիմակիցների հետ զգաղեցրել է 2-րդ տեղը։ Գոհ է այս ցուցանիշով։

«2-րդ անգամն է, որ մասնակցում եմ Համահայկական խաղերին։ Առաջին անգամ մասնակցել եմ 2019-ին՝ 7-րդ խաղերին։ Անցած անգամ շատ լավ մրցումներ էին, և ցանակացա այս տարի էլ գալ ու նորից մասնակցել:Կարողացանք բավական լավ արդյունքներ գրանցել։ Շատ կազմակերպված, շատ լավ մրցումներ էին»,– նշում է նա։

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։ Փակման արարողությունտ տեղի կունենա Գառնիում։