Շուրջ 2000 կամավոր, ավելի քան 7000 մարզիկ, մեդալների 107 հավաքածու․ Համահայկական ամառային 8-րդ խաղերը ավարտվեցին

Այսօր Գառնիում տեղի է ունեցել Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և Համահայկականին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը 2 շաբաթով Հայաստանում էին միավորել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցներին։ Եկել էին 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։ Նրանց 80%–ից ավելին առաջին անգամ էր Հայաստանում։

8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։ Ամենամեծը Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն էր՝ 24 քաղաքների 705-հոգանոց թիմ։ Ամենափոքր պատվիրակությունն ունեցող երկրներն էին Հունաստանը, Սինգապուրը, Հորդանանը և Չեխիան՝  1-ական հոգի։

Մարզիկները մրցանակային տեղերի համար պայքարեցին 19 մարզաձևում։ Խաղարկվեց մեդալների 107 հավաքածու։ Մրցումները սպասարկեցին շուրջ 500 մրցավարներ։ Ունեցանք նաև մրցավարներ արտերկրի 7 պետություններից։

Ամենաշատ մեդալները բաժին հասան Երևանի պատվիրակներին։ Ընդհանուր առմամբ մեդալներ նվաճեցին 15 պետությունների 48 քաղաքներ։

Ինչպես 2019 թվականին, այս անգամ էլ խաղերի կայացմանն իրենց աշխատանքով մեծապես աջակցեցին կամավորները։ Շուրջ 2000 կամավորներ հյուրերին օգնում էին օդանավակայանում, սահմանային անցակետերում, մարզադահլիճներում, բացման և փակման արարողության ժամանակ՝ ամենուր:

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել էին օգոստոսի 5-ին Գյումրիում։ Ավարտվում են օգոստոսի 19-ին Գառնիում՝ փակման արարողությամբ։

Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվեց Համահայկականի դրոշը, մարվեց համահայակական ամառային 8-րդ խաղերի ջահը։