«Ուրախ եմ որ համահայկական խաղերն են ձեզ բերել ձեր հայրենիք»․ Իշխան Զաքարյանը՝ բրազիլահայերին

Բրազիլիայի պատվիրակությունը հերթականն էր, որին ընդունեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Պատվիրակությանն ուղեկցում էր ՀԽՀԿ գործկոմի անդամ Բրազիլիայի ներկայացուցիչ Ավետիս Մակոսյանը։

Իշխան Զաքարյանը ողջունեց  բրազիլահայերին կոմիտե հյուրընկալվելու և  խաղերին մասնակցելու համար։ Նա խոսեց խաղերի գաղափարի, կարևորության՝ մասնավորապես համահայկական միասնության  մասին։ Ֆուտբոլային հայտնի երկիր Բրալիզիայի մեր հայրենակիցները չեն կարող անմասն մնալ սպորտային գեղեցիկ միջոցառումից, որի նպատակը նաև ողջ աշխարհի հայությանը համախմբելն է հենց սպորտի միջոցով։

«Ուրախ եմ ձեզ տեսնել հայրենիքում, առավել ուրախ եմ որ համահայկական խաղերն են ձեզ բերել ձեր հայրենիք։ Հույս ունեմ հաջորդ խաղերին ավելի մեծ պատվիրակություն հյուրընկալել Բրազիլիայից, առավել ևս, որ արդեն գործկոմի անդամ ունենք։ Եկեք- գնացեք, որ տեսնեք ու ճանաչեք ձեր հայրենիքը, լինեք ձեր լեզվի՝ հայերենի կրողը»- ասաց Ի․ Զաքարյանն ու  կեսկատակ ավելացրեց՝  հաջորդ հանդպմանը բոլորդ պարտադիր միայն հայերեն պիտի խոսեք։


Բրազիլիայի պատվիրակության ղեկավար, գործկոմի անդամ Ավետիս Մարկոսյանն ասում է, որ պատվիրակությունը շատ ոգևորված է մասնակցում համահայկական խաղերին, մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում, ու բոլորն այնքան ոգևորված են, որ չեն ուզում վերադառնալ։

 

«Բոլորն ասում են, որ անպայման վերադառնալու են, սա մեզ համար անգամ հուզիչ է, որովհետև մենք, իհարկե, հավաքվում ենք սպորտի համար, բայց այստեղ կա շատ ավելի կարևոր նպատակ։ Մենք բոլոր անկախ մեր կամքից հայտնվել ենք աշխարհի տարբեր ծայրերում ու հիմա սա շատ լավ առիթ է համախմբվելու, հավաքվելու հայրենիքում։ Արդեն տեսանելի է, որ այստեղ ստեղծված կապերն ամուր հիմքեր են ունենալու։ Ինչպես տեսաք պատվիրակության անդամների մեծ մասն անգամ հայերեն խոսել չգիտի, ինչի համար մենք շատ տխրում ենք, անգամ ամաչում։ Բայց բրազիլահայերը մեծամասամբ դասական սփյուռքից են ու այս երիտասարդները 4-րդ սերունդն է, մենք չունենք նոր ձևավորվող սփյուռք, Հայաստանից արտագաղթողները Բրազիլիա չեն գալիս, կապը մեծ չէ և մեր մոտ ուրիշ տեղերի նման հայությունը չի թարմացվում, ճիշտ հակառակը՝ արդեն ձուլվում են օտարների հետ»,- պատմեց պատվիրակության ղեկավարը, որը նաև Բրազիլիայում Հայկական բարեգործական միության ատենապետն է։


Նրա խոսքով, համայնքի օրակարգային հարցերից է՝ ինչ անել, որպեսզի նոր սերունդը չհեռանա արմատներից ու  կարողանա պահպանել սեփական ինքնությունը։ «Մեր ամենակարևոր քայլը այս երիտասարդներին Հայաստան բերելն է, քանի որ բոլորը որ գալիս են, լավ իմաստով վարակվում են, ուզում են նորից գալ, սա տեսնելն անգամ հուզիչ է մեզ համար, քանի որ մեր թիվ մեկ նպատակն է։ Ես հայերեն խոսում եմ պապիկիս շնորհիվ, նա է ինձ տարել հայկական դպրոց։ Մենք էլ մեր երեխաներին, մեր երիտասարդներին ենք ուզում հայ պահել, ինչպես մեր մեծերը մեզ»-, ասաց Մարկոսյանն ու ավելացրեց, որ Բրազիլիայում և՛ հայկական դպրոց կա, և՛ հայկական գործող եկեղեցի։

Իսկ համահայկական խաղերը կլինեն այն կապն ու կամուրջը, որոնց շնորհիվ երիտասարները կգան հայրենիք։