ՌԴ սպորտի ու Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարարները շնորհավորել են Ի․ Զաքարյանին Համահայկական խաղերի բացման առիթով

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողության առիթով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին շնորհավորել են Ռուսաստանի Դաշնության Սպորտի նախարար Օլեգ Մատիցինը և Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը։

Հեռախոսազրույցը կայացել է նախարարների նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները իրենց հիացմունքն են հայտնել Համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

«Հետևել եմ, խաղերի բացման արարողությանը, հիացած եմ նման բարձր մակարդակով միջոցառմամբ: Դա իսկապես տոն էր, սպորտային տոն», -ասել է Օլեգ Մատիցինը։

Նա կարևորել է, որ Համահայկական խաղերում Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող պատվիրակությունը մեծաթիվներից մեկն է ու հույս է հայտնել, որ նրանք կգրանցեն լավագույն ցուցանիշներ։ Սերգեյ Կովալչուկն իր հերթին կարևորել է նման խաղերի անցկացումը և նշել, որ սպորտն իսկապես համախմբող ուժ ունի։