Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են համահայկական ամառային 8–րդ խաղերին առնչվող կազմակերպչական հարցեր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հանդիպել է նախարար, համանայկական ամառային 8–րդ խաղերի կառավարական կազմկոմիտեի անդամ  Գնել Սանոսյանի հետ։  Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև  ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և մարզպետները։

Կոմիտեի նախագահը ներկայացել է  տարածքային կառավարման մարմինների հետ հիմնական անելիքները՝  խաղերի նախապատրաստման և անցկացման համար։  Մինչև հունիսի 1-ը մարզպետարաններում պետք է ձևավորվեն համայնքային թիմեր։ Տեղական կառավարման մարմինները պետք է ապահովեն շքերթին մասնակցող իրենց քաղաքային  թիմերի համապատասխան հանդերձանքը տեղափոխման, գիշերակացի և սնունդի հետ կապված  խնդիրները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզադահլիճների գույքագրման գործընթացին․ առաջարկվել է ուսումնասիրել դահլիճների շենքային և գույքային պայմանները՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ։

Մարզպետներին հանձնարարվել է ուսումնասիրել և տեղեկություն տրամադրել  արտաքին գովազդային վահանակների տեղադրման վայրերի վերաբերյալ և ապահովել դրանց տեղադրումը։

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8–րդ խաղերը տեղի կունենան Գյումրիում  օգոստոսի 5-19-ը ։