Ֆրանսիայի պատվիրակությունը հյուրընկալել է ՀԽՀԿ նախագահ  Իշխան  Զաքարյանին

Ֆրանսիայի պատվիրակությունը համահայկականի հնաբնակներից է՝ մասնակցում է հենց առաջին խաղերից։  Գործկոմի անդամ Հերմինե Դուզյանի և  ՀԽՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սամ Նաճարեանի  գլխավորությամբ Ֆրանսիան  համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցում է 6 քաղաքի՝ 153 հոգանոց պատվիրակությամբ։

«Համահայկական խաղերը ինձ համար ամենակարևոր ծրագիրն է, որ կամրջում է Հայաստանի ու սփյուռքի երիտասարդներին։ Նման որևէ այլ կառույց , որևէ այլ  կազմակերպություն կամ  միջոցառում վստահաբար չկա։ Այո, կան տարբեր ծրագրեր, որոնք զբավում են Հայաստան- սփյուռք կապերի հաստատմամբ, ամրապնդմամբ,սակայն մասշտաբների ու գաղափարական առումով նման կառույց գոնե ինձ հայտնի չէ»,- ասում է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Հերմինե Դուզյանը և հավելում՝ հենց այդ է պատճառը, որ իրենց համար խաղերին մանակցելն  ու ֆրանսահայ երիտասարներին հայրենիք բերելը գերխնդիր է։

Պատվիրակության մյուս ղեկավար,  ՀԽՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սամ Նաճարեանն էլ, ով առաջին խաղերից մինչ այսօր  նաև որպես մարզիկ է մասնակցում համահայկականին, ընդգծում է, որ սպորտը կարևոր է, բայց առավել կարևոր՝  սպորտի միջոցով  հայ երիտասարդներին համախմբեն է․ «Սպորտն իմ հոբբին է, միևնույն ժամանակ մարզիկներին  Հայաստան բերելն ինձ համար միջոց է օգնելու ֆրասնիայում ապրող հայ երիտասարդներին տեսնել ու ճանաչել  մեր հայրենիքը։ Նրանք գալիս են տարբեր կապեր ստեղծում, մտերմանում են, նաև հայրենիքի հետ են մտերմանում ու սկսում են այստեղ տարբեր ծրագրեր իրականացնել։ Սա նպաստում է, որ Հայաստանը շարունակի զարգանալ ու ուժեղանալ»- ասում է Նաճարեանը։

Այս անգամ Ֆրանսիայի պատվիրակությունն էր  հյուրընկալել ՀԽՀԿ նախագահ  Իշխան  Զաքարյանին։ ՀԽՀԿ ղեկավարը  ողջունել է նրանց գեղեցիկ ու համախմբված պատվիրակությամբ խաղերին ներկայանալու համար։ «Ամեն անգամ էլ գեղեցիկ կազմով, հիանալի մարզավիճակով մասնակցում եք համահայկականի խաղերին, ու ես դրա համար շատ շնորհակալ եմ», -ասել է Զաքարյանը։