51-ամյա Սամ Նաճարեանը կյանքի 25 տարին Համահայկական խաղերի հետ է

Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար է ու ՀԽՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ 51-ամյա Սամ Նաճարեանն իր կյանքի կեսը Համահայկական խաղերի հետ է։ Նա Հայաստան է գալիս Համահայկական առաջին խաղերից՝ 1999 թվականից։ Բոլոր խաղերին մասնակցելու Նաճարեանի պատրաստակամությունը 2 պատճառ ունի․ սիրում է սպորտը և ցանկանում է նպաստել հայերի համախմբմանը։

«Սպորտն ինձ շատ է գրավում, միևնույն ժամանակ մարզիկներին ու նրանց շրջապատին Հայաստան բերելն ինձ համար միջոց է օգնելու ֆրասնիայում ապրող հայ երիտասարդներին բացահայտել մեր հայրենիքը՝ Հայաստանը, ինչպես նաև Հայաստանում ու Արցախում ընկերներ ձեռք բերել։ Սա օգնում է երիտասարդներին մտերմանալ, ինչպես նաև նպաստում է, որ Հայաստանը շարունակի զարգանալ ու ուժեղանալ։ Ի վերջո ասեմ, որ, երբ սիրում ես սպորտը, ուզում ես խաղալ, մասնակցել։ Հետևաբար ես զվարճանում եմ, միաժամանակ սա իմ տարբերակն է նպաստելու Հայաստանի ու սփյուռքի հայերի միջև կապերի ամրապնդմանը», –ասում է նա։

Նաճարեանը ժամանակին հանդբոլ է խաղացել։ Հետագայում դադարել է ակտիվ սպորտով զբաղվել և պարզապես հաճույքի համար խաղացել է վոլեյբոլ ու բասկեբոլ։ Ֆրանսիայի թիմի համար նա ունիվերսալ մասնակից է։ 1999 և 2001 թվականներին պայքարել է վոլեյբոլի մրցումներում։ 2007 և 2011 թվականներին եղել է բասկետբոլի թիմի անդամ։ 2015-ին հանդբոլի թիմի հետ չեմպիոն է դարձել։ 2019-ին և ընթացիկ՝ 2023 թվականի խաղերում՝ կրկին բասկետբոլ է խաղում։ Այս տարի 51-ամյա Սամը իրենից մի քանի անգամ երիտասարդ մարզիկների հետ ներկայացնում է Փարիզի բասկետբոլի թիմը։

«Սպորտն իմ տարերքն է։Ընդհանրապես մարզվելու համար տարիք չկա, որ կարող ենք խաղալ կամ չխաղալ։ Բասկետբոլի թիմում 4-5 հոգի էին, չխաղայի՝ խումբը չէր գա։ Համահայկական խաղերը լավ առիթ է, որ գանք խաղանք, ժամանակ անցակնենք։ Ինչպես ասացի, տարիքային սահմանափակում չկա, մեր թիմում այսօր ամենափոքր խաղացողը 16 տարեկան է, ես՝ 51 տարեկան։ Ստամբուլի պատվիրակության ղեկավարն ու գործկոմի անդամ Ալեն Թեկ Բիչակն էլ իմ տարիքի է ու դարձյալ առաջին խաղերից մինչև այսօր խաղում է»,- պատմում է Նաճարեանը և ժպտալով ավելացնում, որ, եթե հասցնի այս խաղերում նաև լողափնյա վոլեյբոլի մրցումների կմասնակցի։
25 տարի ներկա լինելով Համահայկական խաղերին՝ Նաճարեանը նկատում է, որ խաղերը տարեց-տարի զարգանում են։ Մյուս կողմից նշում է, որ կցանկանար, որ տեղի թիմերը մի փոքր փոխեին իրենց մոտեցումը և այդքան մեծ կարևություն չտային հաղթանակին։

«Կուզեի մի քիչ փոխվեր թիմերի հոգեբանությունը, որոնք ընդգծված մրցակցային ոգի են դրսևորում։ Մեր երիտասարդ սիրողական մարզիկների հետ խաղերում, պետք չէ լուրջ մրցել պետք է խաղել հաղթել իհարկե և ամենակարևորը հաճույք ստանալ, մի խոսքովվայելել, ոչ թե միայն պայքարել։ Մենք մեծ դժվարությամբ ենք համոզում մասնակցիներին գալ ու խաղալ, և երբ դու խաղում ես թիմերի դեմ, որոնք ամեն գնով ցանկանում են հաղթել, հավասարակշռությունը խախտվում է։ Կարևոր է, որ տեղի թիմերը հասկանան, որ իրենք պետք է ձգտեն ոչ միայն հաղթանակի, այլև այն, որ ողջ աշխարհի երիտասարդ հայերը ցանկանան նորից գալ ու նպաստել, որ այս միջոցառումն անցնի ուրախ մթնոլորտում», -ընդգծում է Նաճարեանը։

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսi 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։