Գլենդելի մարզիկները մաստերկլասեր են անցկացնում Հայաստանում սպորտով զբաղվող երեխաների հետ
Համահայկական 8-րդ խաղերին մասնակցելու նպատակով Գլենդելից Հայաստան ժամանած մարզիկները մաստերկլասեր են անցկացնում Հայաստանում սպորտով զբաղվող երեխաների հետ։ Օգոստոսի 11-ին՝ խաղերի հանգստյան օրը, Գլենդելի բասկետբոլիստները Երևանում՝ «Օլիմպավանում», մարզվել են Հայաստանում մինի բասկետբոլով զբաղվող երեխաների հետ, շփվել, նվերներ հանձնել։ Գելնդելի պատվիրակության պատասխանատու Արմիկ Աբրահամյանը ներկայացնում է նախաձեռնության մանրամասները։
«Հայաստանում 1 տարի առաջ սկսվել է մինի բասկետբոլ ծրագիրը։ Կապ հաստատեցինք պատասխանատուների հետ։ 3 խմբերի համար մոտ 50 համազգեստ, նաև գնդակներ և ուրիշ փոքր հուշանվերներ էինք բերել երեխաների համար։ Նրանք փոքր են՝ 10-12 տարեկան, իսկ մերոնք արդեն մեծ մարզիկներ են։ Իրար հետ շփվեցին, ուրախացան, խաղացին, և վերջում նվերները՝ մեր լոգոյով կարմիր, կապույտ, նարնջագույն համազգեստները, փոխանցեցինք իրենց, որ ապագայում կրենք դրանք ու հիշեն, որ դա Գլենդելի բասկետբոլիստների կողմից է եղել»,– ասում է Գլենդելի պատվիրակության ղեկավարը։
Նախաձեռնությունը բասկետբոլով չի սահմանափակվում։ Այսօր՝ օգոստոսի 12-ին էլ նմանատիպ միջոցառում է իրականացվել Գառնիում վոլեյբոլով զբաղվողների համար։
«Վոլեյբոլի աղջիկները եկել են Գառնի։ Գառնիում դպրոց կա, որ վոլեյբոլի աղջիկների թիմ ունի։ Նույնը պատրաստել ենք նրանց համար՝ համազգեստներ, գնդակներ, տարբեր հուշանվերներ։ Գնացինք Գառնին տեսանք, հետո եկանք իրենց դպրոց։ Երեխաներն ահագին խաղացին, նկարվեցին»,– ասում է Աբրահամյանը։
Մոտ օրերս նմանատիպ միջոցառում են իրակացնելու նաև ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Վայրն ու օրը դեռ պետք է որոշեն:
Նրանք եղել են նաև Ոսկեվազում և 30 համազգեստ և այլ նվերներ են փոխանցել 10-12 տարեկան ֆուտբոլիստներին։
Համահայկական խաղերի շրջանակներում նման հանդիպումներ իրականացնելը Գլենդելից ժամանած հյուրերի համար ավանդույթ է։ Նրանք մշտապես փորձում են խաղերն օգտագործել հետաքրքիր ու օգտակար ծրագրերի համար։
Արմիկ Աբրահամյանը Գլեդնելի ընդհանուր պատասխանատուն է 20 տարի շարունակ։ Ամեն անգամ, բոլոր խաղերի ընթացքում թիմը նման միջոցառումներ է կազմակերպում։ Մասնավորապես՝ դպրոցի դահլիճ են նորոգել, նախորդ խաղերի ընթացքում «Օրրան» հասարակական կազմակերպության երեխաներին 110 զույգ մարզական կոշիկներ էին նվիրել և հանդես եկել նմանատիպ այլ նախաձեռնություններով։
Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։