Հայկականությունը մեր մեջ է. Իշխան Զաքարյանը պարգևատրեց Համահայկականում ներդրում ունեցողներին

Տեսանյութ. 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերում ունեցած ներդրման համար մեդալով պարգևատրեց երգիչներ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին և թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին: Իշխան Զաքարյանը բարձր գնահատեց նրանց մասնակցությունը և հույս հայտեց, որ գործակցությունը կշարունակվի:

«Համահայկականը կշարունակի իր գործունեությունը, իսկ հայակականությունը մեր մեջ է»,- ասաց Զաքարյանը:

Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ գործակցել է 2015 թվականից: Այն ժամանակ նույնպես Համահայկականի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանում, իսկ այս անգամ՝ Մուսա լեռան ստորոտին:

«Որոշեցինք, որ Համահայկականի ջահը հաղթական Արցախ կգա մեր հայրենիքի մեկ այլ պատմական ու հաղթական վայրից՝ Մուսա լեռից»,- ասաց Աշոտ Սողոմոնյանը:

Թաթա Սիմոնյանը կարևորեց Համահայկական 7- րդ ամառային խաղերի բացումն Արցախում:

«Համահայկական խաղերն օգնում են ճանաչել այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին, շփվել նրանց հետ մոտիկից, դա շատ կարևոր է»,- ասաց Թաթա Սիմոնյանը:

Արման Հովհաննիսյանը հայրենասիրական մեծ նախաձեռնություն որակեց Համահայկական խաղերը:

«Մեծ սիրով եմ մասնակցում Համահայկականի միջոցառումներին, անբացատրելի զգացողություններ եմ ունենում: Շատ շնորհակալություն Իշխան Զաքարյանին և մյուս կազմակերպիչներին»,- ասաց Արման Հովհաննյսյանը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի ունեցան օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցեցին պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասել է մոտ 5300-ի։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր, որը ներառում էր 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը կայացավ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան էր՝ «Միասնություն՝ սպորտով»:

[embedyt] https://www.youtube.com/watch?v=UlqxT7bPGQQ[/embedyt]