Հայրենիքը կոչերով, ճառերով, կենացներով կամ հեքիաթներով չեն սիրում․ Իշխան Զաքարյանի ելույթը

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ, Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո նախարարներ, կառավարության առընթեր մարմիննների ղեկավարներ, մարզպետներ, քաղաքապեներ, Ազգային ժաղովի իմ գործընկերներ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեծարգո անդամներ, ամառային 8-րդ խաղերի հովանավորներ, աշխարհի 42 երկրների 181 քաղաքներից ժամանած 7161 մասնակիցներ , պատվիրակներ, հյուրեր, սփյուռքի տարբեր միությունների ներկայացուցիչներ, իմ շատ սիրելի մարզիկներ, մարզուհիներ, մարզիչներ, մրցավարներ և իհարկե խաղերն սպասարկող մոտ 2000 կամավորներ։

Բարի գալուստ Գյումրի, Բարի գալուստ համահայկական ամառային 8-րդ խաղեր։

Ուղիղ 25 տարի առաջ ձևավորվեց համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։

Ուղիղ 25 տարի առաջ Սփյուռքի նվիրյալ զավակները՝ Ալբերտ Բոյաջյանը, Հրանտ Բարդակչյանը և մեր կոմիտեի առաջին նախագահ Աշոտ Մելիք Շահնազարյանը սկիզբ դրեցին մի նախաձեռնության, որն այսօր հիրավամբ համարվում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամենակայուն, ամենահետաքրքիր և գործնական առումով կայացած միջոցառումը։

Համահայկական խաղերը դարձան միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ՝այսօրվա և գալիք սերունդների համար։

Տարեց տարի զարգացավ խաղերի աշխարհագրությունը, բազմապատկվեցին մասնակիցների քանակը։ Եթե առաջին խաղերին մասնակցում էին 1141 մարզիկ- մարզուհիներ՝ 23 պետությունների 63 քաղաքներից և 7-ը մարզաձևերում, ապա այսօր թվերը սքանչելի են, տպավորիչ են և շատ ուրախալի։ 19 մարզաձև, 41 պետություն, 181 քաղաք, պատվիրակությունների թիվը՝ 7161։

Հավատացե՛ք, սրանք շատ կարևոր ու խոսուն թվեր են։ Համահայկական խաղերը մեծ մարզական տոնի միջոցով հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափար է։ Վստահ եմ՝ ցանկացած բանական մարդ սա լրիվ հասկանում է։

Ավելի վերքաղաքական, վերանձնային, վեր ամեն մասնավոր շահից այլ գաղափար այսօր դժվար է գտնել։
Սփյուռքում սերունդներ են փոխվում, սերունդներ են մեծանում՝ օտար միջավայրում, հաճախ հայերենին դժվար տիրապետող կամ չտիրապետող։

Հավատացե՛ք, այս միջոցառմամբ մենք անառիկ ենք դարձնում ենք հայկական աշխարհի ամրությունը՝ համահայկականությունը։

Հայոց պատմության ո՞ր ժամանակներում դժվարություններ ու բարդություններ չեն եղել, եղե՛լ են, նույնիսկ անելանելի վիճակներ, թերթե՛ք մեր պատմության էջերը՝ կհամոզվեք։

Մենք ունեցել ենք հաջողություններ, հաղթահարել ենք դժվարություններ, երբ եղել ենք միասնական և ամուր, առանց խարդավանքների ու դավերի։ Մենք ունեցել ենք հաջողություններ, երբ առաջնորդվել ենք սառը դատողությամբ։

Սիրելի մասնակիցնե՛ր, մեր յուրաքանչյուր հանդիպմանը ես ասում եմ ձեզ՝ հայրենիքը լավը կամ վատը չի լինում։ Հայրենիքը լինում է միակը։ Հայրենիքը կոչերով, ճառերով, կենացներով կամ հեքիաթներով չեն սիրում։

Հայրենիքը սիրում են գործնական սիրով։ Դո՛ւք սիրելիներս, այդ գործնական սիրո հաստատուն արմատներն եք։

Եվ ուրեմն, այլևս պարզ է ու հստակ․ Համահայկական խաղերի գաղափարն անշրջելի է, այն հաստատուն կամուրջ է համահայկական միասնական մտածողության ձևավորման առանցքում։

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Այս ահռելի մասշտաբներ ընդգրկող միջոցառումն անհնար է կազմակերպել առանց պետական աջակցության։

2022 թ․ սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց պետական կազմկոմիտե՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը՝ խաղերի նախապատրաստման ճանապարհին պետական ապարատի աշխատանքները հստակ և արդյունավետ կազմակերպելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում մարզպետներին, քաղաքապետներին, համայնքների ղեկավարներին գեղեցիկ և լավ կազմակերպված պատվիրակություններով Գյումրի ժամանելու համար։

Շնորհակալություն Համահայկական խաղերի համաշխարհային  կոմիտեի անդամներին, քաղաքների ներկայացուցիչներին, Սփյուռքի կուսակցություններին, միություններին, հասարակական կազմակերպություններին, անհատ  գործիչներին կատարած հսկայական աշխատանքի համար։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել բարերարներին, որոնց շնորհիվ մենք կարողացանք կազմակերպել այս սքանչելի միջոցառումը։

Համահայկական այս խաղերը մեր պատմության մեջ կմնանան ևս մեկ կարևոր փաստով։ Մեր մեծ ընտանիքում առաջին անգամ համալրվեցին Չիլլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի մեր հայրենակիցները։ Սա չափազանց ուրախալի երևույթ է, որը հաջորդ տարիներին պետք է բազմապատկել ու բազմապատկել։

Առանձնահատուկ ուզում եմ ոգևորել Ստեփանակերտի մեր քույրերին ու եղբայրներին։

Սիրելիներս, ամբողջ հայությունը Ձեր կողքին է։ Ամուր եղե՛ք։

Սիրելի՛ հայրենակիցներ,  Հայաստան –Սփյուռք կապերի ապագան մեր միասնությունն է։

Այն պետք է դառնա մեր և գալիք սերնդի ուխտը։ ԵՎ ուրեմն, «Միասնություն Սպորտով»՝ համահայկական խաղերի կարգախոսը թող մշտապես ուղեկցի բոլորիս, մտնի յուրաքանչյուրիս ընտանիք ու դառնա ազգային կտակ։

Շնորհակալություն ու Աստված պահապան բոլորիս։