Հունիսի 1-ին կայացած նիստի ավարտին ՀԽՀԿ Գործադիր կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ
Հունիսի 1-ին կայացած նիստի ավարտին ՀԽՀԿ Գործադիր կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ.
«Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեն և Համահայկական խաղերի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Արցախի Հանրապետությանն ու Արցախի ազատ քաղաքացիներին և դատապարտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի` նախապես մշակված սցենարով սանձազերծած աննախադեպ սադրանքն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Միայն Արցախի Պաշտպանության բանակի արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և լռեցնել թշնամուն:
Մեր զորակցությունը գործնական հարթություն տեղափոխելու նպատակով էլ որոշում ենք կայացնում Համահայկական ամառային 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու մասին: Սա բխում է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության ամրապնդմանն ուղղված մեր հիմնական նպատակից: Հուսով ենք` այս որոշումը կնպաստի հազարավոր կիլոմետրերի վրա գտնվող մեր հայրենակիցների և արցախահայության միջև ամուր և հարազատական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև կստեղծի նոր հնարավորություններ Արցախի տնտեսության զարգացման համար»: