Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, բայց հայրենիքը, հողն ու ջուրը միակն են․ Ի․ Զաքարյան՝ Իրանի պատվիրակության հետ հանդիպմանը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը օգոստոսի 10-ին ընդունել է Համահայկական խաղերում մասնակից Իրանի պատվիրակության անդամներին։ Իրանի պատվիրակությունը ամառային 8-րդ խաղերում ամենանամեծ պատվիրակություններից մեկն է՝ ներկայացված գրեթե բոլոր սպորտաձևերում։ Այս անգամ Համահայկական խաղերին Իրանը ներկայացել է 5 քաղաքներով՝ ընդհանուր մոտ 300 մասնակցով։ «Համահայկական խաղերին Իրանից ամեն անգամ շատ մեծ պատվիրակություն է եղել Երևանում։ Այս անգամ նույնպես գերազանց ներկայացվածություն ունի Իրանը։ Շատ լավ տպավորություն եք թողել», – իրանահայերի հետ հանդիպման ընթացքում ասել է Իշխան Զաքարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել մասնակիցներին պատշաճ կազմակերպվածություն ցուցաբերելու համար և շնորհավորել է բազմաթիվ սպորտաձևերում գրանցած հաղթանակների առիթով։ Ի․ Զաքարյանը հորդորել է հաճախ գալ Հայաստան, քանի որ հայրենիքը մեկն է։ «Հայաստանը բոլորի մայր հայրենիքն է, շատ եկեք, շատ գնացեք՝ ինչքան կարող եք, երիտասարդների ուժը շատ հզոր է։ Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, բայց հարենիքը, հողն ու ջուրը միակն են։ Սա ձեզ ասում եմ որպես Համահայկական խաղերի պատգամ և իզուր չէ մեր կարգախսը՝ Միասնություն սպորտով, դուք բոլորդ պետք է միասին լինեք՝ ձեր հասակակիցների հետ՝ Երևանում, Մոնրեալում, Բեյրութում, Փարիզում, Ռուսաստանում», – ընդգծել է Ի․ Զաքարյանը։

ՀԽՀԿ նախագահը հույս է հայտնել, որ տարիների ընթացքում համահայկական խաղերի մասնակիցների թիվը կաճի, ինչպես 25 տարիների ընթացքում 1100 մասնակցից թիվը հասել է 7000-ից ավելիի, իսկ 23 պետության փոխարեն այս տարի արդեն 42 երկիր է մասնակցում համահայկական խաղերին։ «Մի քիչ էլ աշխատենք, մեծ օլիմպիական խաղերի չափ մարզիկներ ենք ունենալու», -հավելել է Ի․ Զաքարյանը։

Ելույթից հետո ՀԽՀԿ նախագահը Համահայկական խաղերի գործկոմի անունից Համահայկական խաղերի բարձրագույն պարգևը՝ «Պատվո շքանշան» է հանձնել Իրանի պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի գործկոմի անդամ Հենրիկ Խալոյանին։ Վերջինը շնորհակալություն է հայտնել բարձրագույն պարգևի համար և ընդգծել, որ այդ պարգևը միայն իրենը չէ, քանի որ հսկայական աշխատանք է կատարվել Իրանի պատվիրակության պատշաճ մասնակցությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին ապահովելու համար։