Մրցում ենք, վիճում ենք, հաջորդ վայրկյանին ձեռք ենք սեղմում ու գոռում ՝ Միասնություն սպորտով․ Լոնդոնի մարզիկ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գրասենյակում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահներ Ռոլանդ Շառոյանը, Ստեփան Դեր Բեդրոսյանը և գործկոմի անդամները հանդիպել են Լոնդոնի պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Լոնդոնը համահայկական ամառային 8-րդ խաղերին ներկայացել է 31 հոգանոց պատվիրակությամբ՝ ֆուտբոլ, թենիս շախմատ և բատմինթոն մարզաձևերում։

«Մարզիկների մեծ մասն առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին, բոլորը հիացած են։ Ցավում եմ, որ չկարողացանք ավելի մեծ կազմով ներկայանալ։ Այնքան ոգևորված ենք այս խաղերով, որ կարծում եմ հաջորդ խաղերին կկրկնապատկենք, կեռապատկենք պատվիրակության կազմը, բոլորն աստեղից իրենց ընկերներին պատմում ու կիսվում են իրենց տպավորություններով»,- ասում է Լոնդոնի պատվիրակության ղեկավար Ռոբերտ Մալլասը։

Նրա խոսքով չնայած նրան, որ թիմը ունի հաջողություններ բոլոր մարզաձևերում, սակայն կարևորն անգամ այդ հաղթանակներն ու մեդալները չեն, կարևորն այս խաղերում բոլորով՝ աշխարհի հայերով հայրենիքում մեկտեղվելն է, գոնե 4 տարին մեկ անգամ։

Պատվիրակության ղեկավարի հետ համակարծք են մարզիկները։ Անգլիայի հայ ազգի մարզիկ Դերենիկ Գրիգորյանը առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին։ Ասում է՝ չէր էլ կարող պատկերացնել, որ այսքան ուրախ պիտի անցնեն խաղերը․ «Չեք կարող երևակայել մեր ոգևորությունն ու երջանկությունը։ Մեր օրը սկսվում է հետաքրքիր արկածներով՝ խաղեր, պարապմունքներ, նոր ծանոթություններ, նոր բացահայտումներ ու նոր ընկերներ։ Մրցում ենք, վիճում ենք, հաջորդ վայրկյանին ձեռք ենք սեղմում ու գոռում ՝ Միասնություն սպորտով»։

Կոմիտեի նախագահ Ի․ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Անգլիայի մեր հայրենակիցներին խաղերին մասնակցելու համար․ «Շատ ուրախ եմ ձեզ տեսնել Համահայկական խաղերում, շատ գեղեցիկ և հաճելի պատվիրակություն եք։ Գիտեմ, ունեք նաև սպորտային հաջողություններ։ Համահայկական խաղերը մեր բոլոր հայրենակիցների հանդիպման վայրն է, եկեք, տեսեք ծանթացեք ու ճանաչեք միմյանց, ճանաչեք ու սիրեք մեր բոլորի միակ ու սիրելի հայրենիքը, քանի որ ուր էլ գնաք, աշխարհի որ ծայրում էլ բնակվենք, միևնունն է բոլորիս հայրենիքը Հայաստանն է»,- հանդիպումը եզրափակեց ՀԽՀԿ նախագահը։