Իրաքը Համահայկական խաղերում 4-րդ անգամ է

Իրաքի պատվիրակությունը Համահայկական ամառային խաղերին մասնակցում է արդեն 4-րդ անգամ՝ 2011 թվականից սկսած։ Այս անգամ խմբի կազմում 21 իրաքահայեր են՝ Բաղդադից, Մոսուլից , Բասրայից և այլ քաղաքներից։

Իրաքի պատվիրակությունը մասնակցել ու շարոունակելու է մասնակցել ֆուտզալի, բադմինթոնի, սեղանի թենիսի, շախմատի, ինչպես նաև աթլետիկայի մրցաշարներում։ «Իրաքում հայկական համայնքը մեծ է և հիմնականում տեղակայված է վեց մարզերում», մեզ հետ զրույցում ասաց Իրաքի պատվիրակության ղեկավար Պերճ Թուֆենկճյանը։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ընդունել է Իրաքի պատվիրակության անդամներին։ Վերջինները ներկայացրել են Համահայկական խաղերում իրենց ներգրավվածության մասին, գոհունակություն հայտնել խաղերի ընթացքից և ընդգծել նման միջոցառման անհրաժեշտությունը աշխարհի հայերի միավորման հարցում։ «Մենք շատ գոհ ենք խաղերի ընթացքից, հաղթանակ ենք գրանցել, հույս ունենք՝ կշարունակենք»,- ասաց Պերճ Թուֆենկճյանը։

Ի․ Զաքարյանը հետաքրքրվել է՝ համահայկական խաղերում պատվիրակության անդամների հաջողություններով, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները ու վստահեցրել՝ կազմակերպչական փոքր խնդիրները լուծում կստանան։ Իշխան Զաքարյանը Իրաքի պատվիրակությանը հաջողություն է մաղթել մնացած խաղերում։

Նշենք, որ ֆուտզալի առաջնությունում Իրաք-Պոդոլսկ խաղն ավարտվել է 10։1 հաշվով, Իրաք-Աբովյան՝ 3։7, այսօր էլ սպասվում է Իրաք-Սաուդյան Արաբիա խաղը։