Համահայկական ամառային խաղերն ի ցույց են դնում Հայաստանի Հանրապետության կամքը զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների. Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Գյումրու քաղաքային մարզադաշտում ներկա է գտնվել Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման մարզական շքերթը դիտելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հարգելի անդամներ,
Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,

Ողջունում եմ Համահայկական 8-րդ խաղերը Գյումրիում, Հայաստանի Հանրապետությունում:

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին այսօրվա, այս երեկոյի հրաշալի էներգետիկան ապահովելու համար, հրաշալի մթնոլորտն ապահովելու համար: Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը, հայ ժողովրդի կամքը, Հայաստանի Հանրապետության կամքը հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների, բոլոր դժվարությունների:

Եվ այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր հետագայի համար, մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի:

Ուզում եմ ողջունել աշխարհի տասնյակ երկրներից այսօր Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Հայաստանում, ովքեր առաջին անգամ են Գյումրիում: Եվ հույս ունեմ նրանք տեսնում են Գյումրիի նոր վերածնունդը, Գյումրին՝ Հայաստանի երկրորդ քաղաքը, վերածնվում է և վերափոխվում է ամեն օր, և Հայաստանի Հանրապետությունը վերափոխվում է ամեն օր: Ուզում եմ ընդգծել նաև, որ Հայաստանում նոր զարգացում է ապրում նաև սպորտը:

Պիտի արձանագրեմ, որ 2022 թվականին Հայաստանի մարզիկները գրանցել են պատմական աննախադեպ նվաճումներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում նվաճած ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով: Բայց պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ արդեն Հայաստանի մարզիկները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում իրենց նվաճած մեդալներով արդեն իսկ հաղթահարել են նախորդ տարվա բացարձակ ռեկորդը, և սա Համահայկական խաղերի կարևորագույն նվերն է հայաստանցի մարզիկների կողմից:

Այսօր նաև պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ թափով զարգանում են մարզական ենթակառուցվածքները: Գյումրիում կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, բոլորովին վերջերս բացվեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը: Կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը:

Առաջիկայում կկառուցվեն Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցը Հայաստանի ամենամեծ եզդիաբնակ համայնքում՝ Ալագյազում, կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը և, ընդհանրապես, նորանոր մարզական ենթակառուցվածքներ, որովհետև սպորտը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, սպորտն է, որ աշխարհի մարզական բարձունքներում ի ցույց է դնում, բարձրացնում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, հնչեցնում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,

Համահայկական 8-րդ խաղերն այսպիսով՝ հայտարարում եմ բացված:

Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: