Համահայկական խաղերը կամուրջ են Հայաստանի և Թուրքիայի հայերի միջև․ Ալեն Թեք Բիչակ

Ալեն Թեք Բիչակը Համահայկական խաղերում է սկզբնավորման պահից՝ 1999-ից, նախ՝ որպես բասկետբոլիստ, այժմ արդեն՝ Թուրքիայի մեծաթիվ պատվիրակությունն է ղեկավարներից է և  Համահայկական խաղերի գործկոմի անդամ։ Թուրքիայի պատվիրակությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերում ներկայացված է 225 անձից։ Նրանք ներկայացնում են բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա․ հեծանվավազք մարզաձևերը։

«Համահայկական գրեթե բոլոր խաղերում տեխնիկական մանր խնդիրներ լինում են, որոնք լուծելի են։ Այս տարի էլ լուծելի էին այդ խնդիրները։ Ես կարևոր եմ համարում ստամբուլահայ համայնքի մասնակցությունը Համահայկական խաղերին, մեզ համար դա է կարևորը։ Տարիներ առաջ, երբ առաջին անգամ եկան, շատերն անգամ հայերեն չգիտեին, այսօր արդեն շատ լավ խոսում են հայերեն։ Համահայկականը հենց դրանով է կարևոր, որ որ մեզ երիտասարդներս  բերում են են մայր հայրենիք, վերադարձնում մեր արմատներն», -մեզ հետ զրույցում ասում է Ալեն Թեք Բիչակը։

Նրա խոսքով, Ստամբուլում 60 հազարից ավելի հայ է ապրում և այդ առումով ստամբուլահայերի մասնակցությունը համահայկաական խաղերին կարևոր է։ Բացի այդ, ըստ գործկոմի անդամի, տեղի  իշխանությունները ևս ողջունում են այս նախաձեռնությունը։

«Համահայկական խաղերը ստամբուլահայերի կյանքում կարևոր տեղ ունեն, խաղերի գոյության 25 տարիների ընթացքում եղել են ամուսնություններ, մարդիկ են եղել, որ եկել են Հայաստան, տուն են առել, բիզնես են դրել։ Թուրքիայի կառավարությունն էլ գիտի,  որ մեր պատվիրակության կազմում հարյուրավոր մարդիկ են գալիս Հայաստան։  Նրանք դեմ չեն, որ այնտեղ ապրող հայերը ազատորեն գան Հայաստան։ Համահայկական խաղերը մի տեսակ կամուրջ են Հայաստանի և Թուրքիայի հայերի միջև», -նշում է Ալեն Թեք Բիչակը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կկարգավորվեն։

Նա ասում է՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցելու համար այս անգամ 18-20 տարեկան երիտասարդներ են եկել Թուրքիայի պատվիրակության կազմում։ «Մեկ շաբաթից ավելի է՝ էստեղ են ու շատ լավ են իրենց զգում, բացի խաղերին մասնակցելը, նրանք զբոսնել են մայրաքաղաքում, տարբեր տեսարժան վայրեր են այցելել, հայազգի մյուս մասնակիցների հետ ծանոթացել են ու սոցիալական ցանցերով արդեն շփվում են։ Այս խաղերը շատ կարևոր են», -նշում է Թեք Բիչակը։