«Կարևոր է, որ Գերմանիայի այլ քաղաքներ ևս ընդգրկված լինեն Համահայկական խաղերում». Ի․ Զաքարյանը ընդունել է Գերմանիայի պատվիրակությանը

Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում Գերմանիայի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Բեռլինի բասկետբոլի թիմը 1/8-ում չի խաղա։

Այս ցուցանիշը, սակայն, չի վհատեցնում թիմի անդամներին։ Պատվիրակության ղեկավար Ֆրեդ Խորանյանն ասում է՝ իրենց համար կարևորը Համահայկական խաղերին մասնակցությունն է։

«Ունենք երիտասարդ խումբ, 17-26 տարեկան, նրանք դեռ ժամանակ ունեն մյուս համահայկական խաղերից բարձր արդյունքներով վերադառնալ։ Մեզ համար կարևորը մասնակցությունն էր, մեր հայրենակիցների հետ շփումը», -ասում է Խորանյանը։

Նրա խոսքով, պատվիրակության կազմում կան շատ խաղացողներ, որոնք առաջին անգամ են հայրենիքում։ «Նրանց բոլորին հիացրել է այս միջոցառումը՝ բացումից մինչև խաղերը ու ոգևորված էլ կվերադառնան Գերմանիա, կփոխանցեն այդ ոգին մյուսներին։ Չորս տարի հետո լինելու ենք ավելի շատ ներկայացված ու բազմատեսակ մարզաձևերով», -ասում է Խորանյանը։

Գերմանիայից ժամանած խմբին այսօր՝ օգոստոսի 14-ին հյուրընկալել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

ՀԽՀԿ նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը մասնակցության համար։ «Մեզ համար  շատ կարևոր է, որ Գերմանիայի այլ քաղաքներ ևս մեծաքանակ պատվիրաակություններով ընդգրկված լինեն Համահայկական խաղերում»,- ասել է Ի․ Զաքարյանը հյուրերին։

Նա նկատել է, որ Գերմանիայում շատ հայեր  են ապրում, բայց համայնքը ամբողջապես ձևավորված չէ։  Կոմիտեն մտադիր է Գերմանիայի մի քանի քաղաքներում ստեղծել քաղաքային կառույցներ, նշանակել ներկայացուցիչներ, որոնք կկարողանան համակարգված աշխատել, ձևավորել թիմեր։ «Այս խաղերում շփումները շատ կարևոր  են ձեր ինքնությունը, լեզուն պահպանելու համար, հայրենիքը տեսնելու, ճանաչելու և ձեզ հայ զգալու համար»,  -ասել է ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։