Համահայկականում պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչ փուլում

Համահայկական ամառային 8-րդ խաղերում պայքարը թեժանում է։ Սկսվում են 1/8 եզրափակիչ փուլի խաղերը։ Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում ներկայանալիք թիմերից մեկը «Մալիբու»-ն է, որն անցկացրած խաղերից հետո տոնել է 3 հաղթանակ և կրել 1 պարտություն: Թիմի ղեկավար Էդվին Նաջարյանը պատմել է Խաղերին իրենց մասնակցության և խոսել թիմի կազմի մասին:

«Մեր թիմի կազմում մեծամասամբ 18 տարեկան տղաներ են, որոնց հետաքրքրությունը այս խաղերի հանդեպ բավականին մեծ է։ Բոլոր խաղացողներին անհատապես ընտրել ենք, որպեսզի մասնակցեն նման մրցումների և բարելավեն իրենց խաղային որակները։ Մոտ երկու ամիս նախապատրաստական շրջան ենք ունեցել, իսկ դրանից առաջ նրանք միմյանց հետ խաղալու փորձ են ունեցել, ուղղակի հանդես են եկել տարբեր ակումբներում։

Մեր կազմում կան խաղացողներ, որոնց մեջ տեսնում եմ մեծ պոտենցիալ։ Կարծում եմ, որ պատրաստ են լավ ելույթներ ունենալ ներկայիս իրենց տարիքայինների և ապագայում մեծահասակների Հայաստանի հավաքականում»,- ասում է թիմի ղեկավարը։ Նրա խոսքով թիմի բոլոր տղաները հայերեն գիտեն և նրանց Հայաստանի հետ կապը գնալով ամրանում է։ Նրանցից շատերը նաև մասնակցություն են ունեցել Համահոմենթմենական խաղերին։

«Այս տարի Համահայկական խաղերում մեր գրանցած այժմյան արդյունքերով արդեն իսկ խմբի երկրորդ հորիզոնականն ենք զբաղեցրել, ինչը նշանակում է, որ անցնում ենք հաջորդ փուլ․ դա հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով մեր երիտասարդ կազմը։ Տղաներն իրենց առավելագույն ուժերն են ներդնում, որպեսզի ամեն խաղում հաղթեն, հուսով եմ՝ թիմի վերջնական արդյունքը կլինի գոհացուցիչ»,- ասում է Էդվին Նաջարյանը:

Թիմը հանդես է գալիս Արմի Նազարյանի գլխավորությամբ, իսկ Էնդրյու Այվազյանը գլխավոր մարզչի օգնականն է։