«Հայաստան գալը միայն մեզ համար մեծ ուրախություն էր»․ Եգիպտահայերը՝ Համահայկականում

Եգիպտոսի պատվիրակությունը Համահայկական խաղերի հնաբնակներից է։ Այս տարի պատվիրակության 60-ից ավելի մարզիկներ՝ Ալեքսանդրիա և Կահիրե քաղաքներից, մասնակցել են խաղերին, ներկայացվել տարբեր մարզաձևերում։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր՝ օգոստոսի 16-ին ընդունել է Եգիպտոսի պատվիրակությանը՝ Գործկոմի անդամ Պերճ Հալաճեանի գլխավորությամբ։

Նա կարևորել է Եգիպտոսի պատվիրակության մասնակցությունը խաղերին ու ընդգծել նրանց կազմակերպված լինելու փաստը։ «Շատ ուրախ եմ, որ դուք Համահայկական խաղերին եք եկել, և ամեն անգամ Եգիպտոսի հայերը շատ լավ մասնակցություն են ունենում այս միջոցառմանը», -նշել է Իշխան Զաքարյանը՝ գնահատելով այդ գործում պատվիրակության ղեկավար Պերճ Հալաճեանի ակտիվ ներդրումը։

Զաքարյանը հորդորել է եգիպտահայ երիտասարդներին շատ գալ Հայաստան, ակտիվ շփումներ ու կապեր ձեռք բերել Հայաստանում։

Պատվիրակության ղեկավար Պերճ Հալաճեանը նկատել է, որ իրենց պատվիրակության կազմում կան երիտասարդներ, որոնք արդեն իսկ բնակարան են ձեռք բերել Հայաստանում, և նրանց կապը Հայաստանի հետ ամուր է։

Այդուհանդերձ, նա ցավ է հայտնել, որ սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմաններում Եգիպտոսի պատվիրակությունը այս անգամ ներկայացել է համեմատաբար քիչ կազմով՝ 68 մարզիկ-մարզուհիներով։ Նրանք Հայաստան ժամանել են Եգիպտոսում Ազգային առաջնորդարանի հովանավորությամբ։

Նկատենք՝ 2019 թվականին տեղի ունեցած համահայկական խաղերին Եգիպտոսը ներկայացել էր 138 հոգանոց պատվիրակությամբ։

Եգիպտոսի աղջիկների բասկետբոլի թիմը Համահայկական ամառային խաղերում գերազանց արդյունքներով հասել է 1/8 եզրափակիչ, սակայն այսօր արդեն Գլենդելի բասկետբոլի թիմին պարտվել են։ «Շատ զորավոր թիմ էր, շատ», -ասում է աղջիկների թիմի մարզիչ Մառլո Սիմոնյանը։ Բայց նրանք տխուր չեն։ Ասում է՝ իրենց համար կարևորը Հայաստան գալն էր։ «Հայաստան գալը միայն մեզ համար մեծ ուրախություն էր», – ասում է Մառլո Սիմոնյանը։

Նրա ներկայացմամբ, բասկետբոլի աղջիկների խումբը խաղում է նաև  Եգիպտոսում, Կահիրեում։ «5 մարզական ակումբներ ունենք ու բավական հաճախ խաղում ենք, ակտիվ ենք։ Շատ լավ հայերեն են խոսում ու հայկական դպրոց էլ գնում են», -նշում է նա։