Համահայկական խաղերի չեմպիոնները կիսվում են տպավորություններով

Համահայկական 8-րդ խաղերի չեմպիոններն ու մրցանակաիրները հանդիսավոր արարողության ժամանակ ստացան իրենց մեդալները։ Օգոստոսի 15-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում պարգևատրվեցին մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ։ Մեդալներն ստանալուց հետո նրանք կիսվեցին տպավորություններով։

Խաղերի ամենատարեց մասնակիցներից մեկը՝ 73-ամյա Ջիմ Լիվին, որը Կիպրոսի պատվիրակության միակ մարզիկն է, 2 ոսկե մեդալ է նվաճել գոլֆում։ Նա անհամբերությամբ սպասում է, թե երբ է դրանք տանելու Կիպրոս և ներկայացնելու հայկական համայնքի ներկայացուցիչներին։

«Սա ինձ համար Համահայկական 3-րդ խաղերն են։ Առաջին անգամ մասնակցել եմ 2015–ին, գոլֆում ոսկե մեդալ եմ նվաճել։ 2019-ին վերադարձա, արծաթ նվաճեցի, այս անգամ էլ՝ 2 ոսկի։ Ինձ և Կիպրոսի հայկական համայնքի  համար շատ կարևոր են այս մեդալները»,– ասում է նա։

Ջիմ Լիվին ավելացնում, որ հաջորդ խաղերին անպայման նորից գալու է իր չեմպիոնությունը պաշտպանելու համար։ Նրա խոսքով ինչպես իրեն, այնպես էլ խաղերի բազմաթիվ այլ մասնակիցների, հիացրել է այն փաստը, որ ողջ աշխարհի հազարավոր հայեր միավորվել Հայաստանում։ Նա շեշտում է,  որ Համահայկականի կոնցեպտը շատ տպավորիչ է, և ինքն ամեն առիթ օգտագոտծում է եվրոպացի իր ընկերներին դրա մասին պատմելու համար։

Աթլետիկայի մրցումների մասնակից Ժաննա Շահնազարյանն իր հերթին նշում, որ քիչ երևույթներ կան, որոնք կարող է համեմատել Համահայկական խաղերի մեդալների հետ։ Արդեն  4-րդ անգամ է մասնակցում։ Այս անգամ չեմպիոն է դարձել գնդի հրում ձևում, իսկ սկավառակի նետում ձևում բավարարվել է բրոնզով։

«Շատերի համար սա պարզապես սպորտային փառատոն է, բայց ինձ համար մեծ նշանակություն ունի, որովհետև քիչ չեն մասնակիցները։ Ամբողջ աշխարհից բոլոր հայերը համախմբվել են և ինձ համար սրանք Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալներին հավասար մեդալներ են, որովհետև այն էմոցիաները, այն ադրենալինը, որ ունենում ես մրցապայքարի ժամանակ, հավասար են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:  Մեր մի բուռ ազգը հավաքվել է, և մի քանի օրվա ընթացքում մրցապայքարի մեջ մտնելով ծանոթանում ենք, նոր ընկերներ ենք ձեռք բերում»,– ասում է նա՝ ավելացնելով, որ այս արդյունքները գրանցել է իրենից տարիքով բավական երիտասարդների դեմ պայքարում, ինչն ավելի մեծ արժեք է հաղորդում նվաճմանը։

Կանանց լողափնյա վոլեյբոլում չեմպիոն դարձած Գառնիի թիմի ներկայացուցիչներն էլ ընդգծում են, որ մեծ բավականություն են ստացել և՛ մրցումներից, և՛ տարբեր երկրներից ժամանած հայերի հետ շփումից։ Արփինե Բադալյանը պատմում է խաղերում իր անցկացրած ժամանակի մասին։

«Շատ հաճելի էր տեսնել դրսից ժամանած բազմաթին հայերի, հաճելի էր իրենց հետ ծանոթանալը, տեսնելը, թե ինչպես են նրանք խոսում հայերեն։ Ինչ վերաբերում է մրցումներին, ապա լողափնյա վոլեյբոլում պայքար թեժ էր։ Շատ փորձառու մրցակիցներ ունեինք, բայց  ֆիզիկապես լավ պատրաստ լինելու շնորհիվ՝ հաղթեցինք բոլորին»,– նշում է նա։

Նրա թիմակից Միլենա Հակոբյանն էլ է ընդգծում, որ հաղթանակն իրենց համար շատ կարևոր են։ Նշում է, որ իրենք կարողացել են նվաճել չեմպիոնի կոչումը քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

«Մենք առաջին անգամ էինք իրար հետ զույգով խաղում, շատ դժվար էր մեզ համար, բայց պատրաստված էինք, շատ էինք մարզվում այս խաղերի համար։ Հաղթելու հարցում մեծ դեր խաղաց համախմբախությունը և թիմային ոգին»,– ասում է նա։

Հանդիսավոր արարողության ժամանակ իրենց մեդալներն ստացան հանդբոլի, սեղանի թենիսի, աթլետիկայի, գոլֆի, հրաձգության և լողափնյա վոլեյբոլի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները։ Պարգևատրման հաջորդ արարողությունը՝նույն հանդիսավորությամբ  տեղի կունենա օգոստոսի 17-ին, դարձյալ նույն վայրում։