ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է լիբանանահայերի հետ

 

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի հերթական հյուրերը Լիբանանի պատվիրակության ներկայացուցիչներն էին։ Այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած հանդիպման ընթացքում Զաքարյանն ընդգծեց՝ մեծ ձեռքբերում է, որ հաջողվել է կազմակերպել լիբանանահայերի մասնակցությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին։ Ըստ նրա՝ դրա համար լուրջ աշխատանք է պահանջվել։

«Շատ շնորհակալ եմ Լիբանանի պատվիրակությանը Հայաստանում գտնվելու և կազմակերպվածության համար։ Իմ 3 գործընկերները՝ Միսաք Նաճարեանը, Շահան Սեմերջյանը և Ստեփան Դերբեդրոսյանը, տարիներ շարունակ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Լիբանանի պատվիրակությունը պատշաճ մասնակցություն ունենա Համահայկական խաղերին։ Մենք, իրոք, մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի Համահայկական խաղերն իրենց գաղափարով և այս 25 տարվա պատմությամբ շատ ամուր մնան և շարունակվեն»,– ասաց նա։

Զաքարյանն ավելացրեց, որ խաղերը մեծապես նպաստում են հայապահպանությանը։ Դրանց շնորհիվ ամրապնդվում է հայրենիք–սփյուռք կապը, երիտասարդները հայրենիք գալու հնարավորություն են ստանում։ Շատերը հենց խաղերի շնորհիվ են առաջին անգամ Հայաստան գալիս, և սա ՀԽՀԿ նախագահը անգնահատելի արդյունք է համարում։ Հայրենիքի հետ կապը պահպանելու հարցում նա 2 կարևոր դիտարկում ունի․

«Ես բավական շատ պատվիրակությունների հետ հանդիպել եմ։ Բոլորի հետ շփվելիս ասել եմ՝ նախ, կարևոր չէ՝ որտեղ ենք ապրում՝ Սիդնեյում, Բեյրութում, Լոս Անջելեսում․․․ մեր ճակատագիրն է, որ այդպես ցրվել ենք։ Կարևորն այն է, որ բոլորս մեզ հայ զգանք, որ այս երկիրը, այս հողն ու ջուրը սիրենք, այս երկրի արևը սիրենք, մարդկանց, հասակակիցների հետ շատ շփվենք։ Համահայակական խաղերը պետք է առիթ լինեն, որ անընդհատ գնանք ու գանք, տեսնենք, ծանոթանանք։ Ամեն խաղերից հետո մենք 8-10 ամուսնական զույգեր ենք ունենում: Տա Աստված այդ թիվը հարյուրապատկվի։ Սա շատ կարևոր է, հավատացեք։ Ուզում ենք, որ հատկապես այն երիտասարդները, որոնք առաջին անգամ են գալիս, այդ սերը դեպի այս երկիրը, այս հողն ու ջուրը, այս պետությունն ունենան։ Աշխարհում ամեն ինչ փոփոխական է։ Կայուն են արևի լույսը, օդը․․․․ և դրանց հետ մեկտեղ հայրենիքի  հողն ու ջուրը, որը բոլորս պարտավոր ենք սիրել, հարգել և ամուր մեր ձեռքների մեջ պահել։

2-րդ պատգամն այն է, որ հայրենիքը լավը կամ վատը չի լինում։ Հայրենիքը միակն է լինում՝ անկախ նրանից՝ ով որտեղ է ապրում, իսկ միակ հայրենիքը պետք է սիրել»։

Իշխան Զաքարյանը նաև նշեց, որ նկատել է, թե ինչպիսի բարձր տրամադրությամբ են լիբանանահայերը մասնակցում խաղերին։ Նրանք հատկապես տպավորել են բացման արարողության ժամանակ իրենց պարով։

Հանդիպման ընթացքում Լիբանանից ժամանած մասնակիցներին ողջունեցին նաև ՀԽՀԿ փոխնախագահ Ստեփան Դերբեդրոսյանը, գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը և Շահան Սեմերջյանը։ Դերբեդրոսյանը շեշտեց, որ Համահայկական խաղերն առանձնանում են իրենց կայունությամբ։ «Տեսնում ենք՝ ինչ խանդավառ եք և ուրախ, և երբ վերադառնաք Լիբանան, ձեր ընկերներին կպատմեք, որ Համահայկական խաղերը կաևոր միջոցառում են մեր կյանքում և հատկապես հայրենիք-սփյուռք կապի մեջ հաստատուն օղակն է, որի նմանը չկա։ Այդ կապը ստեղծելու նպատակով՝ ժամանակ առ ժամանակ ինչ–որ նախաձեռնություններ լինում են, բայց ժամանակի ընթացքում քայքայվում են։ Միայն այս խաղերն են, որ ավելի քան 25 տարի մնացել են ու շարունակվելու են՝ ձեզ նման մարզիկների, մեր համաշխարհային կոմիտեի և պետական աջակցության շնորհիվ»,– ասաց նա։

Միսաք Նաճարեանը պատմեց, որ լիբանանահայերի մասնացությունը Համահայկական խաղերին ապահովելը բավական բարդ է եղել՝ հաշվի առնելով Լիբանանում ստեղծված ծանր իրավիճակը։ «Համահայկական խաղերը միավորում են ամեն տարիքի մարդկանց։ Տեսնում ենք, որ փոքրեր էլ կան, տարիքով մեծեր էլ։ Բոլորն էլ ցանկանում են ներկա լինել Համահայկականին, դա մեծ երևույթ է։ Մենք սփյուռքում աշխատում ենք հայապահպանության ուղղությամբ։ Այն պետք է սկսի երեխաներից։ Այն համայնքը, որը հայրենիքի հանդեպ նման վերաբերմունք ունեցող երեխաներ ունի, այդ համայնքի հայերենի համար վախենալու պատճառ չկա»,– ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Իշխան Զաքարյանին խաղերի կազմակերպման հարցում հետևողական լինելու համար։

Միսաք Նաճարեանն էլ նշեց, որ լիբանանահայերի ներկայությունը մրցումներում մեծ ուրախություն է։ Դա հատկապես արժեքավոր է՝ հաշվի առնելով, թե պատվիրակությունը կազմավորելու ճանապարհին ինչպիսի խնդիրներ են առաջանում։

«Ինձ համար մեծ ուրախություն է, որ Լիբանանի այս մեծ ընտանիքը բոլոր կողմերից հավաքվել, միավորել ենք։ Ինձ համար մեծ պատիվ է, մեծ ուրախություն, երբ տեսնում եմ Լիբանանի հայ երիտասարդների ելույթները Համահայկական խաղերում։ Լիբանանի ներկայացուցիչները, գործոմի անդամները՝ բոլորս, միահամուռ աշխատեցինք, որ Լիբանանի տնտեսական այս ծանր պայմաններում կարողացանք այսպիսի գեղեցիկ խումբ բերել հայրենիք, որպեսզի տեսնեն իրենց տունը»,– ասաց նա ավելացնելով, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հետագայում Համահայկական խաղերի մասնակցիների թիվն էլ ավելի մեծանա։

Լիբանանը ներկայացուցիչներ ունի 4 քաղաքներից Բեյրութ, Անթիլիաս,  Բուրջ Համուդ և Անջար։ Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին, կավարտվեն 19-ին։