Ձևավորվել են Համահայկական խաղերի քաղաքային խորհուրդներ

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը Ջերմուկում անցկացրել է ՀԽՀԿ քաղաքային խորհրդի նիստ, որին մասնակցել են Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, Կոմիտեի Հայաստանի քաղաքների պատասխանատու Գևորգ Գալստյանը։ Քաղաքային խորհուրդներ ձևավորելու նպատակով Ասամբլեայի՝ իրեն տրված լիազորություններով Ի․ Զաքարյանը Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանին առաջարկել է Ջերմուկի քաղաքային խորհրդի լիազոր ներկայացուցիչ, որն էլ հետագայում արդեն խորհրդի ձևավորումից հետո և խորհրդի անդամների ընտրության արդյունքում կստանձնի քաղաքային խորհրդի նախագահի լիազորությունները։ «Քաղաքային խորհուրդներ ստեղծվելու են Հայաստանի ու Սփյուռքի բոլոր քաղաքներում, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվեն Համահայկական խաղերը։

Խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ, սակայն քանի որ ամառային և ձմեռային խաղեր են անցկացվում, ըստ էության լինում է, որ խաղեր կազմակերպվելու են երկու տարին մեկ, ինչպես օրինակ 2023-ին անցկացվեցին ամառային խաղերը, 2025-ին նախատեսվում են ձմեռային երկրորդ խաղերը, 27-ին դարձյալ ամառային խաղեր և այսպես շարունակ»- ասել է Ի․ Զաքարյանը։ Նրա խոսքով քաղաքային խորհրդում կարող են ընդգրկված լինել բոլոր շահագրգիռ անձինք՝ անկախ մասնագիտությունից ու զբաղեցրած պաշտոնից։ Միակ անթույլատրելին ու կարմիր գիծն, ըստ ՀԽՀԿ նախագահի, խորհուրդների քաղաքականացումն ու կուսակցականացումն է։ «Համահայկական խաղերը վեր են քաղաքական ու կուսակցական սկզբունքներից, խաղերի նպատակը համախմբում է հայրենիքի շուրջ, և խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն սպորտով»», -ընդգծել է ՀԽՀԿ նախագահը։
Վայոց Ձոր և Սյունիք կատարած երկօրյա այցի ընթացքում Իշխան Զաքարյանը քաղաքային խորհրդի նիստեր է անացկացրել նաև Գորիսում, Քաջարանում և Կապանում։ Նույն սկզբունքով Համահայկական խաղերի Գորիսի քաղաքային խորհրդի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Սերյոժա Հայրապետյանը,


Քաջարանում՝ Քաջարանի մանկապատանեկան մարզական դպրոցի փոխտնօրեն Մերուժան Աթոյանը և


Կապանում՝ քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնակատար Արշամ Սարգսյանը։


Քաղաքային խորհուրդների բոլոր լիազոր ներկայացուցիչները խորհրդի ղեկավարի իրենց լիազորությունները կստանձնեն քաղաքային խորհուրդների ձրավորումից հետո՝ ընտրության կարգով։