Մասնակիցների բարեկամությունը շարունակվում է խաղերից հետո․ ՀԽՀԿ փոխնախագահ

Մասնակիցների բարեկամությունը շարունակվում է խաղերից հետո․ ՀԽՀԿ գործկոմի նախագահի տեղակալ
Համահայկական խաղերը ծառայում են իրենց նպատակին։ Սա շեշտում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնահագահ Ստեփան Դերբեդրոսյանը: Ըստ նրա՝ խաղերի ընթացքում մասնակիցների ու հյուրերի միջև մնայուն կապեր են ստեղծվում։ Խաղերին մասնակցող մարզիկների հետ այստեղ՝ հայրենիք են ժամանում նաև նրանց հարազատները, ընկերներն ու բարեկամները։ Համահայկական խաղերը վերածվում են համահայկական մարզական տոնի։

«Ամեն օր երեկոյան Երևանի փողոցներում, բոլոր վայրերում միասին նստում են, շփվում, ծանոթանում։ Կապերը մնում են, այդ բարեկամությունը մնում է, շարունակվում է նաև խաղերից հետո»,– ասում է նա։

Դերբեդրոսյանի խոսքով՝ Համահայկական խաղերը նպաստում են, խթան են հանդիսանում, որ ողջ աշխարհի հայ երիտասարդները մարզվեն, մարզավիճակ ձեռք բերեն մրցումներում լավագույնս հանդես գալու համար։ «Պատմական իմաստով դա է եղել բոլոր մարզական միությունների նպատակը, որ նման խաղեր կազմակերպվեն։ Առաջին այդպիսի խաղերը, եթե չեմ սխալվում, եղել են Պոլսում 1911-12 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Սփյուռքի տարբեր բնակավայրերում ձևավորված էին մեծ թվով հայկական խմբեր, և աշխարհում արդեն սկսվել էր օլիմպիական շարժումը։ Նաև այդ շարժումով ազդված` փորձեցին Պոլսում կազմակերպել նման խաղեր»,– պատմում է նա։

Դերբեդրոսյանը չի թաքցնում, որ խաղերի ընթացքում որոշ խնդիրներ առաջանում են։ Մարզաձևերը ու մասնակիցները շատ են, և դրանցից խուսափել չի ստացվում։ Ամեն դեպքում լուծումները ժամանակին տրվում են, և մրցումները նորմալ են ընթանում, իսկ մասնակիցները գոհ են։

«Մենք խոսում ենք խմբերի պատասխանատուների հետ։ Ընդհանուր առմամբ պատասխանատուները շատ ուրախ են, որովհետև իրենց խմբերն ուրախ են»,– նշում է նա։

Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին, կավարտվեն օգստոսի 19-ին, Գառնիի տաճարում։