Ծիծեռնակաբերդ այցելելը հուզիչ էր․ մասնակիցներ

Համահայկական խաղերի հանգստյան օրը մասնակիցների համար սկսվեց այցելությամբ, որը նրանց մոտ խորը հուզմունք էր առաջացրել։ Օգոստոսի 11-ի առավոտյան բոլոր մարզիկները պատվիրակությունների ղեկավարների ու հյուրերի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մասնակիցները խոստովանում են, որ շատ տպավորված են։

Սիդնեյից Ժանին Գյուլբենկյանը մեկ անգամ չէ, որ եղել է Ծիծեռնակաբերդում: Առանձնահատուկ զգացողություններ ունի նաև այս անգամ։
«Հաճելի էր ու շատ հուզիչ տեսնել բոլորին այստեղ միասին։ 4-րդ անգամ եմ Հայաստանում, ամեն անգամ էլ եկել եմ Ծիծեռնակաբերդ, բայց այլ է, երբ գալիս ես մեծ խմբի հետ։ Այսպիսով հիշում եմ իմ նախնիներին ու հարգանքի տուրք մատուցում նրանց, ում կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,– ասում է նա։


Լիբանանից Փաթիլ Փափազյանը բառեր չէր գտնում զգացմունքները նկարագրելու համար։

«Առաջին անգամ էին Ծիծեռնակաբերդում։ Ես շատ տպավորված եմ։ Շատ հուզվեցի։ Շատ եմ ցանկանում հետագայում վերադառնալ Հայաստան»,– նշում է Փաթիլ Փափազյանը։

Նրա ընկերուհին՝ նույնպես Լիբանանը ներկայացնող Էվելինա Մինասյանը, որն արդեն 2 տարի է՝ ապրում է Հայաստանում և հասցրել է մի քանի անգամ լինել Ծիծեռնակաբերդում, ավելացնում է, որ Հայաստանում ամեն ինչ հրաշալի է։

«Սա հիանալի երկիր է։ Տխրում եմ, երբ տեսնում եմ, որ կան Հայաստանից հեռանալ ցանկացող մարդիկ, քանի որ այստեղ ամեն ինչ շատ լավն է՝ մշակույթը, մարդիկ, բնությունը»,– ընդգծում նա։

Մասնակիցների հետ Ծիծեռնակաբերդում էին նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, տեղակալներ Ռոլանդ Շառոյանը, Ստեփան Դեր–Բեդրոսյանը և գործկոմի անդամները։

Այցից հետո մասնակիցները մեկնեցին՝ շրջելու Հայաստանի տեսարժան վայրերով։

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։