«Մենք՝ հայերս, միաձուլվել ենք»․ երգչուհիներ Էմմին և Սիբիլը Գյումրիում են և ելույթ կունենան Համահայկական խաղերի բացմանը

Օգոստոսի 5-ին Գյումրիում կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր արարողությանը ելույթ են ունենալու հայազգի երգչուհիներ Էմմին և Սիբիլը։

Նրանք ասում են՝ մեծ ուրախությամբ ու հաճույքով են արդեն երկար ժամանակ ներկա գտնվում համահայկական մարզական միջոցառմանը, կատարումներով ոգևորում մրցելույթներին մասնակցող մարզիկներին։

«Երեխաներս ծնվել են Միացյալ Նահանգներում, և ես ինչ-որ չափով ինձ համարում եմ Սփյուռքի ներկայացուցիչ, հետևաբար այս միջոցառումը ինձ համար կարևոր է։ Այսօր աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր մարդիկ ժամանել են հայրենիք, որ ժամանակ անցկացնեն, ծանոթանան, ներկայացնեն իրենց սպորտում, ուրախանան։ Մենք՝ հայերս, միաձուլվել ենք, դարձել ենք մեկ ազգ՝ մեկ երկրում», -ասում է երգչուհի Էմմին։

Նա հիմա Գյումրիում է, և ասում է՝ հագեցած ժամանակ է անցկացնում։ «Այսօր եմ ժամանել ու տեսնում եմ՝ շատ կազմակերպված է ամեն ինչ, բեմը, միջոցառման վայրը ադմինիստրատիվ, խումբը, կազմակերպիչները բոլորը կածես մեկ մարդ լինեն, անում են ամեն ինչ, որ հրաշալի միջոցառում տեղի ունենա», -ասում է երգչուհին։

Պոլսահայ երգչուհի Սիբիլը նույնպես Գյումրիում է և նույնպես ելույթ է ունենալու Խաղերի բացման հանդիսավոր միջոցառմանը։ Պոլսահայ երգչուհին Համահայկական խաղերի հետ իր կյանքը կապել է դեռևս 12 տարի առաջ, և դա իր համար շրջադարձային է եղել։

«Վստահ եմ՝ յուրաքանչյուրիս կյանքում կան շրջադարձային պահեր, որոնք ուղղություն են տալիս մեզ ընտրություն կատարելու հարցում։ Իմ կյանքում ամենաճիշտ որոշումը ալբոմս հրապարակելն էր, որի շնորհիվ հրավեր ստացա մասնակցել Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու համար։ Այո, սիրելիներ, ուղիղ 12 տարի առաջ իմ կյանքը հիմնավոին փոխվեց․ այդ օրը կարծես աշխարհի ամենաերջանիկ մարդը լինեի։ Սիրով եմ հիշում այդ ժամանակաշրջանը և մտածում եմ՝ ինչ երջանիկ ու բախտավոր եմ ես, որ Աստված առիթ տվեց, որ իրականացնեմ իմ վաղեմի երազանքը․ Համահայկական խաղերը պատճառ եղան, որ շատերը ինձ ճանաչեն։ Այս տարի Գյումրիում հուզմունքով ու անհամբերությամբ եմ սպասում բացման հանդիսավոր միջոցառմանը», -ասում է Սիբիլը։