Մեր պատվիրակության անդամ երիտաարդները շատ խանդավառ են՝ նրանց մեջ շատերը առաջին անգամ են հայրենիքում․ Պողոս Պոլ Քիշյան

Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցելու նպատակով Կանադայի պատվիրակության բոլոր 60 անդամներն արդեն ժամանել են Հայաստան ու պատրաստվում են նախ՝ օգոստոսի 5-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև՝ խաղերին։

Համահայկական համաշխարհային կոմիտեի անդամ, Կանադայի պատվիրաակության ղեկավար Պողոս Պոլ Քիշյանն ասում է՝ Կանադան Համահայկական խաղերին կներկայանա կանանց և տղամարդկանց բասկետբոլի խմբերով։ Պատվիրակության կազմում կան նաև աթլետիկայի 3 մասնակից, գոլֆի մրցաձևի մասնակիցներ ու կամավորներ։

«Մեր պատվիրակության անդամ երիտաարդները շատ խանդավառ են։ Նրանց մեջ շատերը առաջին անգամ են հայրենիքում։ Շատերրը, որոնք մինչ այդ էլի եկել էին Հայաստան, նրանց համար նույնպես հաճելի է հերթական անգամ հայրենիքում գտնվելը»,–ասում է Քիշյանը։

Հայաստան նորեկների համար ժամանցային գեղեցիկ ծրագիր ունեն՝ խաղերից դուրս պտտվելու են Հայաստանի տեսարժան վայրերով՝ Գառնի, Գեղարդ, Սարդարապատ, Էջմիածին և այլուր։

Այս անգամ՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերում ներգրավվել են նաև Հայաստանի մարզերը՝ իրենց մարզական ենթակառուցվածքներով։ Պողոս Պոլ Քիշյանն ասում է՝ դա շատ կարևոր հանգամանք է ու հավելում․ «Մեր նպատակն էր, որ խաղեր կազմակերպենք Հայաստանի շրջաններում, որպեսզի օրինակ՝ Շիրակի մարզի ժողովրդի կենսամակարդակին հնարավոր լինի օգտակար լինել, համայնքին օգտակար լինելու համար։ Այս տեսակ հավաքները հայրենիքի զանազան շշրջաններում նաև խանդավառություն են ստեղծում»։