Թիմերը բավական շատ են, շուրջ 170 թիմ է այս պահի դրությամբ գրանցված․ Նարինե Շահբազյան

Հուլիսի 28-ին Գյումրիի Շախմատի տանը տեղի է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը։
«Թիմերը բավական շատ են, շուրջ 170 թիմ է այս պահի դրությամբ գրանցված։ Ամենաշատ թիմը գրանցվել է ֆուտզալում՝ 50,  բասկետբոլում և ֆուտբոլում՝ հավասարաչափ՝ 28-ական։ Բավականին շատ մասնակիցներ ունենք և կարծում եմ՝ սա ռեկորդային թիվ է», -ասել է Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը։
Նրա խոսքով, բացի թիմային մարզաձևերից, կլինեն նաև անհատական մարզաձևերի մրցումներ։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 5-ին, որից հետո՝ օգոստոսի 6-ին Գյումրիում կանցկացվի սպորտային պարերի մրցաշարը։ Մրցումների ընթացքում Հայաստան ժամանած մարզիկները կունենան նաև հանգստյան օր և հնարավորություն կստանան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին։
Ռուսաստանն այս տարի Համահայկական խաղերին մասնակցում է 1000-ից ավելի մասնակիցներով։ ՌԴ թիմի ներկայացուցիչ Կարեն Մկրտչյանի պնդմամբ, Համահայկական խաղերը հնարավորություն են, որ Սփյուռքի հայերը ծանոթանան ու ճանաչեն միմյանց։ «Խաղերի ընթացքում մասնակիցները ոչ միայն մրցում են միմյանց հետ, այլ նաև շփվում են, ճանաչում միմյանց ու այդ կապը պահպանվում է տարիներ», -ասել է Կարեն Մկրտչյանը։
Այս անգամ Համահայկական խաղերին Իրանը ներկայացել է 5 քաղաքներով՝ ընդհանուր մոտ 300 մասնակցով։ Իրանի թիմի ներկայացուցիչ Հենրիկ Խանոյանն ասում է՝ իրանից մարզիկները անհամբերությամբ են սպասում այս խաղերին։ «Խաղերը բավական մեծ ուշադրության արժանի են Սփյուռքում և հատկապես Իրանում՝ որպես Հայաստանի միակ սահմանակից երկիր։ Բոլոր մարզիկները միշտ սրտատրոփ սպասում են 4 տարին մեկ անգամ անցկացվող այս մրցախարերին», -նշել է Հենրիկ Խանոյանը։
Խաղերի մրցումների մրցավարները, Նարինե Շահբազյանի փոխանցմամբ, միջազգային բարձր որակավորում ունեն։ «Մրցավարները ընտրվել են մարզաձևերի ֆեդերացիաների կողմից, ունենք նաև միջազգային մրցավարներ, որոնք սպասարկել են միջազգային մրցաշարեր՝ բասկետբոլ, աթլետիկա, վոլեյբոլ։ 8 տարիների փորձը ցույց է տվել, որ մեր մրցավարները բավականին բարձր մակարդակով են անցկացնում բոլոր մրցումները», -նշել է տիկին Շահբազյանը։