Ֆրանսիայի մասնակիցների 60-80%-ն առաջին անգամ է Հայաստանում․Սամ Նաճարեան

Ֆրանսիացի բազմաթիվ երիտասարդներ Համահայկական խաղերի շնորհիվ առաջին անգամ տեսնում են իրենց հայրենիքը։ Այս մասին նշում է ՀԽՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սամ Նաճարեանը, որը Ֆրանսիայի պատվիրակության պատասխանատուններից է։

«Մասնակիցները շատ ուրախ են։ Նրանց 60-80%-ն առաջին անգամն է գալիս Հայաստան՝ մանավանդ մրցումների մասնակցելու առիթով։ Շատ լավ մակարդակի խաղեր են։ Կազմակերպիչները փորձում են ամեն ինչ անել, որ լավ լինի։ Oրինակ, ավտոբուսները մարզիկներին տանում-բերում են դաշտեր, և մասնակիցները գոհ են այս առումով։ Ասում են, որ ցանկանում են նորից գալ խաղալ, պետք է լավ պատրաստվեն, որ 4 տարի հետո նորից գան»,- ասում է նա։

Պատվիրակության կազմում հիմնականում երիտասարդներ են՝ ուսանող, դպրոցական։ Պրոֆեսիոնալ մարզիկներ չեն։ Նաճարեանի խոսքով՝ Ֆրանսիայում իրենք մարզական ակումբներ չունեն։ Հավաքում են երիտասարդների, որոնք ցանկանում են այցելել Հայաստան, տեսնում են, թե ինչ մարզաձևի են տիրապետում և այդպես խմբեր ձևավորում։ Մասնակիցներն էլ գալիս են, որ ժամանակ անցկացնեն, ուրախանան և մրցումների մասնակցեն։ Բացի խաղերում իրենց մարզական ունակությունները ցուցադրելուց՝ նրանք կարևորում են նաև միմյնաց հետ շփվելն ու նոր ծանոթություններ ձեռք բերելը։

«Փորձում են միասին դուրս գալ, ծանոթանալ ուրիշ խմբերի անդամների հետ։ Կամավորների հետ կապ են պահպանում, որպեսզի հասկանան Հայաստանի կյանքը, ուր կարող են գնալ, այլ մարդկանց հետ ծանոթանալ, շփվել ինչպես տեղացի, այնպես էլ այլ երկրների հայերի։ Ամեն տեղ գնում են՝ փաբեր, գիշերային ակումբներ, սրճարաններ»,– պատմում է Նաճարեանը։

Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։ Փակման արարողությունը նախատեսված է Գառնիում։