[:en]Ստեփանակերտը՝ համահայկական ամառային խաղերի մեկնարկից առաջ [:]

[:en]Տոնականորեն զարդարված Արցախի մայրաքաղաքը, որն այսօր «հեղեղված» է ամենատարբեր գովազդներով, նկարներով եւ պաստառներով, Համահայկական 7- րդ ամառային խաղերի մեկնարկից առաջ ավելի գեղեցիկ, ներդաշնակ ու բարեկարգ է ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած միջոցառման մասնակիցներին կհյուրընկալի գրկաբաց։ Այդ մասին վստահեցնում են ինչպես Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները, այնպես էլ խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները, որոնք նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկել են ընդլայնված խորհրդակցությունում։

Ամառային խաղերի հանդիսավոր բացման արարողության գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ մինչեւ օգոստոսի 5- ը Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կշարունակվեն գեղարվեստական, տոնական ծրագրի միասնական, ապա՝ գլխավոր փորձերը (բեմականացման պատասխանատուն է Հրաչ Քեշիշյանը)։ Չբացելով որոշ փակագծեր՝ Ռուբեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ծրագրված ներկայացումը բաղկացած է 5 հատվածներից, որոնցից առաջինը վերաբերում է հայոց պատմությանը՝ հեթանոսության շրջանից մինչեւ քրիստոնեություն, մեսրոպատառ այբուբենի ընդունումը։ Առանձին դրվագներով կներկայացվի Արցախը։ Հատկանշական է, որ ներկայացմանն անդրադարձ կլինի Վաչագան Բարեպաշտ թագավորի ժամանակաշրջանին եւ Մաշտոցի կողմից Ամարասում առաջին կրթօջախի բացմանը։ Ուշագրավ տեսարանների ցուցադրում է նախատեսվում եւ Արեւմտյան Հայաստանից՝ եռաչափ պատկերներով։ Ըստ գլխավոր ռեժիսորի՝ լուսավոր հզոր էֆեկտներով հագեցած թատերականացված ներկայացումը կեզրափակվի արցախյան պատերազմի ավարտի եւ հայ ազատամարտիկների համոզիչ հաղթանակի տեսարանով։ Օրվա սպասված անակնկալներից կլինի  մարզադաշտում նախատեսված տոնական հրավառությունը։

Տոնական ծրագրի անբաժան մաս կկազմեն մարզամշակութային տարաբնույթ միջոցառումները։ Հյուրերի համար զբոսաշրջային երթուղիներ են նախատեսվում դեպի Գանձասար, Դադիվանք եւ Ամարաս, Շուշի, Հունոտի կիրճ, Տողի Մելիքական ապարանք, Տիգրանակերտ եւ այլուր։

«Արդեն պատրաստ են զբոսաշրջային եռալեզու բուկլետները, որոնցով դյուրին կլինի առաջնորդվելը»,– ասում է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։– «Հյուրերին ճիշտ ուղղորդելու նպատակով 20 էքսկուրսավար հատուկ դասընթացներ է անցել ու վերապատրաստվել»։

Նորոգվել, կահավորվել ու վերջնական տեսքի են բերվել ֆուտբոլային դաշտերն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Ասկերան, Մարտուն եւ Մարտակերտ քաղաքներում՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, բարվոք վիճակում են գտնվում նաեւ ամառային խաղերի համար նախատեսված մյուս մարզադաշտերն ու հրապարակները։ Կազմակերպիչները ներկայում աշխատանքներ են տանում հանրապետությունում առկա հյուրանոցների, հյուրատների եւ ճամբարների տեղակայման ուղղությամբ։ Այդ նպատակով հիմնանորոգվել են երեք տասնյակից ավելի հյուրանոցներ եւ սննդի ապահովման կետեր։ Հյուրերի ընդունելությունը, հյուրասիրությունը կկազմակերպի քաղաքային օդանավակայանի տարածքում, ուր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները։ Նրանց տեղաբաշխման խնդրով կզբաղվեն կամավորների եւ մենեջերների հատուկ խմբերը։ Միջոցառման հետ կապված՝ փրկարարական խմբեր կգործեն Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ զբոսավայրերում։ Առողջապահության բոլոր հիմնարկները կաշխատեն ուժեղացված ռեժիմով։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի մարզիկների շքերթով։ Նա ընդգծեց, որ խաղերին մասնակցելու համար մարզիկների կողմից 5344 հայտ է ներկայացվել, իսկ թե կոնկրետ որ երկրներից են հյուրեր ժամանելու, նա չմանրամասնեց։ Ուշագրավ է, որ խաղերի ժամանակ տարբեր մարզաձեւերից, ընդհանուր առմամբ, 352 մրցանակներ են խաղարկվելու։

Հավելենք, որ մարզիկների շքերթին կհաջորդի տոնական մեծ համերգը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի աստղերը, սփյուռքից՝ ճանաչված երգիչներ ու երաժիշտներ, Արցախի լավագույն կատարողները։ Ծրագրված բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերով։ Համահայկական խաղերը կցուցադրվեն նաեւ Ղարսի, Վանի ու Դիարբեքիրի հեռուստատեսությամբ։

Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետություն», Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ[:]