4 տարի դադարը երկար է, ուզում ենք, որ Համահայկական խաղերն ավելի հաճախ անցկացվեն․ եգիպտահայ մասնակից

Համահայկական խաղերի ամենաուրախ պատվիրակություններից մեկի՝ Եգիպտոսի մասնակիցները չեն ցանկանում հեռանալ Հայաստանից։ Կանանց բասկետբոլի թիմի ավագ Մարինա Սիմոնյանը նշում է, որ այստեղ լավ ժամանակ են անցկացնում։ Հաճույքով շփվում են մյուս պատվիրակությունների ներկայացուցիչների հետ և չեն ցանկանում մտածել այն մասին, որ խաղերը մոտենում են ավարտին։

«Երբ մտածում ենք, որ վերջանում է, տխրում ենք։ 4 տարի դադարը շատ է, ուզում ենք, որ խաղերն ավելի հաճախ անցկացվեն։ 4 տարի սպասում ենք, եթե 2 տարի լինի, լավ կլինի։ Պատրաստվում ենք, որ միշտ գանք ու տարբեր տեղերից եկած հայերի հետ ծանոթանանք այստեղ՝ մեր մայր հայրենիքում»,– ասում է նա՝ ավելացնելով, որ արդեն 3 անգամ է մասնակցում Համահայկական խաղերին և ամեն անգամ էլ նույն կերպ լավ է անցնում։


Եգիպտոսի տղամարդկանց բասկետբոլի թիմի անդամ Մհեր Քէօհնէլեանը նույնպես չի ցանկանում, որ խաղերն ավարտվեն։ Արդեն 2-րդ անգամ է մասնակցում։ 2019-ին եղել է ֆուտզալի թիմում։

«Այստեղ լավ է անցնում։ Միմյանց հետ ուրախանում ենք, նոր ընկերներ ձեռք բերում։ Մրցումների ընթացքում էլ կան թե՛ հեշտ, թե՛ բարդ խաղեր։ Կարևորը մասնակցությունն է, որովհետև լավ փորձառություն է։ Նեղվում ենք, երբ մտածում ենք, որ շուտով պետք է մեկնենք, բայց ի՞նչ արած։ Վստահաբար մյուսին էլ եմ գալու»,– ասում է նա։
Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։