8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում

«Միասնություն սպորտով» կարգախոսով, տոնական տրամադրությամբ ու ամենայն պատասխանատվությամբ․ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն այցելել են Գյումրի։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի Գյումրի համայնքի ղեկավարի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներին։
«Մեզ համար պատիվ է, որ համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը կտրվի Գյումրուց և մարզկենտրոնում կկայանա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Պատիվ ու մեծ պատասխանատվություն է, որը մեզ պարտավորեցնում է համատեղելու բոլորիս ջանքերն ու անելու ամեն հնարավորը օգոստոսի 5-ը տոնական դարձնելու, Շիրակ այցելած հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու համար։ Վստահ եմ՝ համատեղ ու փոխկապակցված աշխատանքի արդյունքում համահայկական ամառային 8-րդ խաղերին նոր շունչ կհաղորդվի, խաղերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ նպաստելով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման կազմակերպչական ծրագրերը, առաջիկա անելիքները։ Նշվել է, որ մինչև հունիսի 1-ը մարզպետարաններում պետք է ձևավորվեն համայնքային թիմեր։ Անդրադարձ է կատարվել ինչպես շքերթին մասնակցող քաղաքային թիմերի համապատասխան հանդերձանքի ապահովմանը, տեղափոխմանն ու գիշերակացի և սնունդի հետ կապված խնդիրների լուծմանն առնչվող հարցերի, այնպես էլ մարզադահլիճների գույքագրման գործընթացին։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե որ մարզաձևերի մրցումները կանցկացվեն Շիրակի մարզում։
Նշենք, որ համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ-ի օգոստոսի 5-19-ը, 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: