Հագեցած օրակարգով արդյունավետ այց Լիբանան

Ավարտվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և փոխնախագահ Վրեժ Շառոյանի (Սիրիա) եռօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն: Լիբանանն, ի դեպ, միակ պետությունն է, որը 3 ներկայացուցիչ ունի ՀԽՀԿ-ում` փոխնախագահ Ստեփան Դերպետրոսյան, գործկոմի անդամներ Շահան Սեմերճյան ու Միսաք Նաճարեան: Հենց նրանք էլ ուղեկցել են ՀԽՀԿ պատվիրակության ներկայացուցիչներին այցի ընթացքում: Առաջին օրն Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Լիբանանում ՀՀ դեսպանը: Վահագն Աթաբեկյանը ողջունել է հյուրերին Լիբանանում` Հայաստանի տանը, կարևորել է Համահայկական խաղերի անցկացումը որպես կարևորագույն քայլ Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման հարցում:Իշխան Զաքարյանը ևս փաստել է, որ Սփյուռքը հայրենիքին միացնող լիարժեք կապը մնում են Համահայկական խաղերը , որոնց սկիզբը դրվել է դեռ 1999թ-ին:


Հաջորդիվ հայաստանյան պատվիրակության հանդիպումն էր Լիբանանում Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ, հենց նրանք են ապահովում, որ լիբանանահայ համայնքը հավուր պատշաճի ներկայանա Համահայկական խաղերին: Խոստացել են մարզական հաջողություններ գրանցել նաև 2027-ի` համահայկական ամառային և 2029-ի` ձմեռային խաղերում: Խաղերին առնչվող բազմաթիվ հարցերի է պատասխանել ՀԽՀԿ նախագահը, տեղեկացրել, որ Օլիմպիական ավանների օրինակով, առաջիկայում նախատեսվում է կառուցել Համահայկական խաղերի Վիլիջ, որը հնարավորություն կտա Հայաստան այցելող մեր հայրենակիցներին խաղերի օրերին ապրել, սնվել, մարզվել միասին: Կարճ ասած` Համահայկական խաղերի Վիլիջը կդառնա Հայաստան-Սփյուռք երիտասարդների տունը:


Առաջիկա այս ծրագրի մասին է նաև Իշխան Զաքարյանը խոսել Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի հետ հանդիպմանը: Նորա Բայրաքթարյանը ողջունել է գաղափարը: Նա, ի դեպ, առաջին հայն է, ով ղեկավարում Լիբանանի համապատասխան գերատեսչությունը: Նախարարն ասել է, որ մարզական դիվանագիտության ճանապարհն է որդեգրել և իր համար ուսանելի է Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման հայաստանյան փորձը: ՀԽՀԿ պատրաստ է իր փորձով կիսվել խոստացել է Իշխան Զաքարյանը,պատրաստակամություն հայտնելով հենց Հայասատնում պատմելու խաղերի անցկացման այլ մանրամասներ ևս, երբ Նորա Բայրաքթարյանն այցելի հայրենիք:


Լիբանանը Մերձավոր Արևելքում երկրորդ Հայաստանն է ` այս գիտակցումն ունի Համահայկական խաղերին ակտիվորեն մասնակցող լիբանանահայ համայնքը: Խաղերի կազմակերպչական որոշ մանրամասներ ՀԽՀԿ պատվիրակության անդամները քննարկել են Լիբանանի մի շարք հայկական կառույցների ներկայացուցիչների հետ: Նախ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են Հայ Մարմնակրթական միությունում, որի ներկայացուցիչները ոգևորությամբ են հիշել նախորդ խաղերն ու դրանց ընթացքում գրանցած իրենց հաղթանակները: Սրտատրոփ սպասում են հաջորդ խաղերին:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունում ևս ոգևորությամբ են խոսել խաղերի մասին: Համահայկական խաղերը հայությանը հայրենիքին կապող օղակ են, հայապահպանության լավագույն օրինակ ասել է Իշխան Զաքարյանն` ակնկալելով ՀԲԸՄ-ի աջակցությունը նաև Համահայկական խաղերի Վիլիջի կառուցման հարցում: Որ հայ լեզուն, մշակույթն ու ավանդություները շարունակեն հային հայ պահել օգնության է գալիս սպորտը, այս դեպքում համահայկական խաղերը, որոնք մեկ գաղափարախոսություն ունեն` միասնություն սպորտով ասել է Իշխան Զաքարյանը:



Այս գաղափարախոսության մասին է նաև խոսել ՀԽՀԿ նախագահը Հայ մարմնակրթական ընդհանուր միությունում: Մարզական հաղթանակներից առավել, հային Սփյուռքում հայ պահելու խնդիր կա. Համահայկական խաղերը որոշ չափով լուծում են այն. հայրենիքում գտնվելու օրերին սփյուռքահայ մեր հայրենակիցներն ապրում և շնչում են հայերենով: Նաև ամուսնանում են ու կրկին գալիս հայրենիք:

Որ Համահայկական խաղերն այլևս անշրջելի են և Սփյուռքի կապը հայրենիքի հետ անքակտելի է դարձել փաստ է, այս մասին է նաև պատմել Իշխան Զաքարյանը Շահան Գանտահարյանին` հյուրընկալվելով Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրին: 1927թ-ից լույս տեսնող «Ազդակը» տեղական իրադարձություններից բացի ամենօրյա ռեժիմով պատմում է Հայաստանում տեղի ունեցողի մասին: Համահայկական խաղերն օրաթերթում առանձին տեղ ունեն. Իշխան Զաքարյանի հետ Շահան Գանտահարյանի հարցազրույցը ևս տեղ գտավ Սփյուռքում հրատարակվող պարբերականում:

Լիբանանում է գործում Հայաստանից դուրս միակ համալսարանը` Հայկազյանը: Այն կրթօջախ է ոչ միայն հայերի, այլև բոլոր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների համար: Հայկազյան համալսարանն այս տարի կնշի հիմնադրման 70-ամյակը, հանդիսավոր միջոցառումներ են նախատեսված նաև Հայաստանում: Իշխան Զաքարյանը Փոլ Հայդոսթյանին հայրենիք այցի օրերին հրավիրել է հյուրընակվել ՀԽՀԿ-ի գրասենյակում:

Հայկական պատվիրակության գերհագեցած այցի կարևորագույն հանդիպումը Կիլկիո կաթողիկոսարանում էր: ՀԽՀԿ պատվիրակության անդամներին սիրով ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը: Հենց նա էլ 2015թ-ին, 1915թ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում, Անթիլիասում վառել է Համահայկական խաղերի ջահը: ՀԽՀԿ նախագահ Արամ Ա Կաթողիկոսին հրավիրել է Հայաստան` Համահայկական խաղերի Վիլիջի հիմնարկեքի արարողությունն իրականացնելու:Իշխան Զաքարյանը Վեհափառին տեղեկացրել է, որ սպասում են կառավարության որոշմանը, որ այս տարի սկսեն Վիլիջի կառուցումն ու ավարտեն 2031-ին` խաղերի 10-ամյակին: Լավ գաղափարը ողջունել է Վեհափառը, ասել, որ համահայկական խաղերը պետք է ուղեցույց լինեն համահայկական մտածողության ձևավորման համար: «Նոր կամուրջներ են պետք Հայաստանը Սփյուռքին կապելու համար և հակառակը. սպորտը դրա լավագույն միջոցն է: Պետք է համախմբվել համահայկական խաղերի շուրջ, իսկ Վիլիջի ծրագիրը համահայկական է»- եզրափակել է Արամ Ա:



Լիբանանյան այցի վերջին կանգառը Բեյրութի Կաթողիկէ պատրիարքարանում էր:Տանն Կիլիկիո Կաթողիկէ Նորին Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս Քսանմեկերորդ Կաթողիկոսը Ներսես Շնորհալու մեդալով է պարգևատրել Իշխան Զաքարյանին, մեդալը խորհրդանշում է միասնությունը Հայրնեիքի և Սփյուռքի միջև, այս դեպքում` սպորտով:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------