«Դա ինձ համար մեծ պատիվ է»․ Կարեն Գիլոյանը կվարի Համահայկականի մարզական շքերթը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխանախարար Կարեն Գիլոյանը մեկնաբանելու է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման մարզական շքերթը։ Նախկին մարզական լրագրողը Համահայկական խաղերի հետ է մարզական կարևոր իրադարձության ծնունդից՝ 1999 թվականից։
«Դա ինձ համար մեծ պատիվ է, ու ոչ մի նշանակություն չունի՝ այդ պահին ինչ պաշտոն ես զբաղեցնում, եթե այդ ամենով ապրում ես, ուրեմն դա պետք է քեզ համար շատ կարևոր լինի ու պատվով կատարես այն առաքելությունը, որը քեզ վրա դրել է պատմությունը», -ասում է Կարեն Գիլոյանը։
Նա մասնակցել է միջոցառման գլխավոր փորձին, ասում է՝ ստուգել են և հուսյ ունի ամեն ինչ գերազանց կանցնի։
«Հպարտությամբ կվարեմ շքերթը, փորձը շատ լավն էր, ամեն ինչ իդեալական կլինի, որևէ խնդիր չի առաջանա», -ասում է Գիլոյանը։
Փոխնախարարի խոսքով, Համահայկական խաղերը Հայաստան-Սփյուռք համագործակցության, միավորման կայացած միջոցառումն են․ «Շատ լուրջ դերակատարում ունեցել են և կարևոր դերակատարում հիմա պետք է ունենան։ Այո, պատերազմից հետո վերաարժևորում գնաց, տեղի ունեցավ որոշակի վերանայում, դիտակետ փոխվեց, ու շատ կարևոր է, որ Համահայկական խաղերը իր առաքելությունը ճիշտ ու մինչև վերջ կատարի։ Շատ կարևոր է, որ Սփյուռքից, Ստեփանակերտից ու տարբեր ծայրերից ժամանած հայերը միմյանց շարունակեն ընդունել որպես հարազատ, որպես հայրենակից, եղբայր ու քույր, սիրահարվեն, սիրեն իրար, ամուսնանան, այդպիսի պրակտիկա մենք շատ ենք ունեցել»։
Նշենք, որ Համահայկական խաղերի բացման արարողությունը և շքերթը տեղի են ունենալու Գյումրու «Շիրակ» մարզադաշտում։ Այդ նպատակով հատուկ կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ընթանում են շքերթի վերջնական փորձերը։
Օգոստոսի 4-ին աշխատանքների ընթացքին հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն ու այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք՝ Համահայկական ամառային 8-րդ ամառային խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից: