Գյումրու մարզադաշտին տված լուծումները, թույլ կտան մեր հայրենակիցներին ասել, որ հերթական գեղեցիկ միջոցառումն է կազմակերպվել․ Արայիկ Հարությունյան

Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցների թվով բավականին մեծ աշխարհագրություն ունենք, ինչը ոգևորիչ է հատկապես վերջին տարիների իրադարձությունների համատեքստում։ Այդ մասին հուլիսի 30-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում շրջայցի ժամանակ ասել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Գյումրու քաղաքային «Շիրակ» մարզադաշտում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, մարզադաշտի կահավորման վերջին շտրիխներն են ուրվագծվում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և այլ պաշտոնյաներ ծանոթացել են իրականացվող աշխատանքներին, տվել ցուցումներ։

Խաղերի կազմակերպիչների ընտրությունը կանգ է առել Գյումրու «Շիրակ» մարզադաշտի վրա, որի թերություններն այժմ շտկվում են, բարեկարգվում։ «Ընտրեցինք «Շիրակ» մարզադաշտը՝ իր առավելություններով ու թերություններով և փորձեցինք այդ ամենը օգտագործել հօգուտ այս միջոցառման կազմակերպման։ Կարծում եմ՝ այն լուծումները որ տվել ենք այստեղ, թույլ կտան մեր հայրենակիցներին ասել, որ հերթական գեղեցիկ միջոցառումն է կազմակերպվել։ Բացի այդ, մենք ցանկացանք, որ բացման արարողությունը նախորդներից տարբերվի, քանի որ այս անգամ ավելի շատ երկիր ու մարզիկ է մասնակցում», -նշել է Արայիկ Հարությունյանը։

Նկատենք՝ այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցում է շուրջ 7000 մարդ, իսկ հյուրերի թիվը կհասնի 10 հազարի։ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել այս քանակի հյուրեր՝ զբոսաշրջային ենթակառուցվածքները թույլ են տալիս։

Նրա խոսքով, Համահայկական խաղերը միավորիչ ուժ ունեն, հետևաբար այս տարի տարբեր երկրներից հազարավոր հայերի մասնակցությունը միասնական լինելու հնարավորություն է։

«Հայաստանում վերջին շրջանում մի շարք մարզական խոշոր միջոցառումներ են տեղի ունեցել, որոնք անցել են շատ բարձր մակարդակով և ամեն հաջորդ միջոցառումը, որ մենք փորձում ենք կազմակերպել, ուզում ենք, որ մեր սահմանած նշաձողից առնվազն ցածր չլինի», -ընդգծել է Արայիկ Հարությունյանը։