Համահայկական խաղերի ամենաէմոցիոնալ օրը՝ մրցումային վերջին օրը

Համահայկական 8-րդ խաղերում ավարտվեց սպորտային պայքարը։ Օգոտսոսի 18-ին որոշվեցին վերջին մեդալակիրները։ Նախ իրենց տերերին գտան ֆուտզալի մեդալները։ Եզրափակչում անզիջում պայքարում Մոսկվայի թիմը 2։0 հաշվով հաղթեց Աբովյանին։

Չեմպիոնի ֆուտբոլիստները խաղից հետո բարձր տրամադրություն ունեին։ Թեև հանդիպումը սպասվածից բարդ էր ստացվել, բայց միևնույն է՝ հաղթել էին։

«Մենք տեսել էինք նրանց մասնակցությամբ կիսաեզրափակիչը։ Թվացել էր, թե այնքան էլ ուժեղ չեն, բայց արժանի խաղ ցուցադրեցին։ Շնորհակալ ենք նրանց պայքարի համար»,- ասում է Մոսկվայի խաղացող Միխայիլ Աշրաֆյանը։

Տխուր չէին նաև արծաթե մեդալակիրները։ Նրանք կարծում են, որ իրենց այս խաղերում չբավականացրեց փորձը, սակայն կարևորն այն է, որ կարողացել են անել իրենց առավելագույնը։

«Խաղով ապացուցեցինք, որ հեշտ մրցակից չէինք ու հեշտ չէր մեզ հաղթելը»,- ընդգծում է Աբովյանի թիմի խաղացող Ալեն Սահակյանը։

Ֆուտզալի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակեց Դոնի Ռոստովը։

Մրցումային վերջին օրը բավական թեժ էր «Միկա» մարզահամալիրում։ Իրար հետևից ընթանում էին կանանց ու տղամարդկանց բասկետբոլի 3-րդ տեղի համար, ինչպես նաև եզրափակիչ հանդիպումները։ Երկրպագուները շատ էին։ Տղամարդկանց եզրափակչում՝ Բևերլի Հիլզ – Գլենդել խաղում, նույնիսկ գրեթե ազատ տեղ չկար։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը հպարտորեն նշում է, որ բասկետբոլը կարևոր տեղ ունի Համահայկական խաղերում։ Նրա խոսքով՝ այս մարզաձևի հանդիպումները միշտ հետաքրքիր են ստացվում։

«Բասկետբոլը երբեք պակաս չի ունեցել ո՛չ խաղացողների, ո՛չ լեփ-լեցուն դահլիճների»,- ասում է նա։

Տղամարդկանց բասկետբոլում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գլենդելը։ Արծաթե մեդալակիր դարձավ Բևերլի Հիլզը, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Արթիկի խաղացողներին։

Դրամատիկ ստացվեց կանանց բասկետբոլի եզրափակիչը։ Գլենդելը գրեթե ողջ հանդիպման ընթացքում տիրում էր առավելությանը։ Կար պահ, որ նույնիսկ առջևում էր 20 միավորով, սակայն Բևերլի Հիլզի աղջիկները հավաքվեցին և հաղթեցին։ Թիմի խաղացողներից մեկին՝ Նատալի Սվաջյանին, ոգևորում էին իր 2 որդիները։

«Փոքրիկներս միշտ ինձ դրական էներգիա են հաղորդում։ Ինձ հաջողություն են բերում։ Միշտ հետս բերում եմ խաղերին»,- ասում է նա։

Կանանց բասկետբոլում ավելի վաղ կայացել էր 3-րդ տեղի համար հանդիպումը։ Շումենը հաղթել էր Թեհրանին։

Համահայկական խաղերի վերջին եզրափակիչն «Ալաշկերտ» մարզադաշտում էր։ Ֆուտբոլի առաջնության չեմպիոնի կոչումը վիճարկեցին Դոնի Նախիջևանը և Սոչին։ Թեև Դոնի Նախիջևանը լուրջ աջակցություն էր ստանում տրիբունաներից, սակայն հաջողությունն ուղեկցեց Սոչիին։ Այս մարզաձևում 3-րդ տեղը զբաղեցրեց Բուենոս Այրեսը։

Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին՝ Գյումրիում կայացած բացման արարողությամբ։ Հայաստան են ժամանել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկներ։ Նրանց ավելի քան 80%-ն առաջին անգամ է Հայաստանում։ Խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Գառնիում։