Համահայկական խաղերը կատարեցին իմ երազանքը․ պատմում է Սիբիլը

«Համահայկականը խաղերը  դռներ է բացում, ես դա վստահ կարող եմ ասել իմ օրինակով»,- ասում է պոլսահայ երգչուհի Սիբիլը։ Նա 2011-ից Համահայկական խաղերի հետ է և մի տեսակ խորհրդանիշ է համարվում։ Երգչուհին այս տարի նույնպես կմասնակցի Համահայկական ամառային 8-րդ խաղերին։

Սիբիլը աշխարհի տարբեր ծայրերից հայերին Հայաստանում միավորող այս միջոցառումը իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն է համարում։

«Համահայկական խաղերը ամենամեծ ձեռքբերումն էր, որ ունեցա իմ կարիերայի ընթացքում։ Հայաստանում ու Սփյուռքում ինձ ճանաչեցին համահայկական խաղերով։  Իմ առաջին փորձը ձեռք բերեցի համահայկական ամառային  հինգերորդ խաղերի բացման ժամանակ։ Հրավեր էի ստացել պարոն Իշխան Զաքարյանից։ Այդ օրվանից  մինչև այսօր, բոլոր խաղերում հատուկ հյուրի հրավեր եմ ստանում։ Այս տարի  ևս սիրով պատրաստվում եմ մասնակցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը», – ասում է Սիբիլը, որի մոտ խաղերի հետ կապվող հիշողությունները հուզմունք են առաջացնում։

Ծագումով հայ Սիբիլն ապրում ու ստեղծագործում է Ստամբուլում և որպես Սփյուռքի ներկայացուցիչ, Հայաստան-Սփյուռք կապը պատկերացնում է յուրովի՝ հենց այդ կապերն ամրապնդողի ու զարգացնողի աչքերով։  Նրա խոսքով,  խաղերում  սպորտային մրցությունը սիմվոլիկ բնույթ է կրում, կարևորը և առաջնայինը հայության համախմբումն ու միասնականությունն է,  հայրենիքի հետ հայ երիտասարդների կապը։

Նրա խոսքով, Համահայկական խաղերի գաղափարն այսօր ավելի քան արդիական է,  այս դժվար օրերին, մենք՝ հայերով ավելի շատ միասնական լինելու կարիք ունենք։ «Որքան էլ սպորտում  հաղթանակը կարևոր է,  բայց  ամենակարևորը նոր կապերի, նոր  ընկերների ձեռքբերումն է, հայենիքը  ճանաչելն է»,- ասում է երգչուհին։ Համահայկական խաղերը Սիբիլին հնարավորություն են տվել իրականություն դարձնել իր երազանքը․  «Ես մեծ երազանք ունեի, որ հենց Անիի մայր տաճարում երգեմ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը։ Այդ երազանքն ինձ համար անհաս ու անիրագործելի էր թվում, պարզապես մի անգամ համարձակություն ունեցա և թուրքական հեռուստաալիքներից մեկում հարցազրույցի ընթացքում բարձրաձայնեցի։ Արդյունքն ակնհայտ է՝ համահայկական խաղերը կատարեցին երազանքս»,- պատմում է երգչուհին։

Հենց այդ  երգն էլ եղել է առիթ մասնակցելու  2011 թվականին կազմակերպված համահայկական խաղերին։  «Չափազանց հուզված ու զգացված էի։ Անիում, արցունքերի մեջ ես երգեցի այդ երգը։ Ուրիշ էր մթնոլորտը,  շատ ուրիշ։ Բառերս չեն բավարարում զգացմունքներս արտահայտելու համար։ Ես ինձ շատ բախտավոր զգացի այդ անմոռանալի պահին արժանի լինելու համար»,- հիշում է Սիբիլը։

Օգոստոսի 5-ին մեկնարկելիք խաղերից առաջ երգչուհին չի ցանանում բացահայտել՝ ինչ երգով հանդես կգա այս տարի, միայն խսոտացավ որ հանդիսատեսին սպասվում է գեղեցիկ անկնկալ։

Համահայկական խաղերի բացումը այս տարի կկայանա Գյումրիում, օգոստոսի 5-ին։